«Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը», - հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ՝ «հարկավոր է աներկբա հարգանք ցուցաբերել Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հանդեպ»։
Լավրովն ու Ֆիդանը նաև նշել են, որ Սիրիայում ազդեցություն ունեցող արտաքին դերակատարները պետք է միավորեն ջանքերը Սիրիայում իրադրության կարգավորման նպատակով։
«Այդ կարգավորումը պետք է հիմնված լինի Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման սկզբունքի վրա՝ նրանց քաղաքական հայացքներից կամ ազգային-կրոնական պատկանելությունից անկախ», - նշված է հաղորդագրության մեջ։