Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարձակվել է Ուկրաինայի վրա. կա մեկ զոհ


Մարտի 1-ի գիշերը ռուսական բանակը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Այս մասին հայտնել են ուկրաինական շրջանների իշխանությունները։

Օդեսայի շրջանում անօդաչու սարքերի հարվածների և դրանց բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է, գրել է շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել Օդեսայի շրջանը, որտեղ հրդեհվել են մասնավոր տուն, ձեռնարկություն, ինչպես նաև բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաներ։

Խարկովում անօդաչու սարքերի հարվածների հետևանքով տուժել է վեց մարդ։ Բժիշկները հայտնել են, որ երեխա է վնասվածքներ ստացել ապակու բեկորներից։ Եվս հինգ հոգու տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Ավելի ուշ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հստակեցրել է, որ վիրավորների թիվը հասել է յոթի։

Պաշտոնյաները հավելել են, որ ռուսական բանակը Խարկովի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա բաց է թողել ինը անօդաչու սարք։ Դրանցից մեկն ընկել է բենզալցակայանի տարածքում, ևս մեկը՝ բժշկական հաստատության տարածքում։ Վերջինիս շենքում հրդեհ է բռնկվել, այնտեղից տարհանվել է ավելի քան 60 մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG