Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների հետ զրույցների արդյունքում հնարավոր է դարձել գալ համաձայնության, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և «գուցե մեկ կամ երկու» այլ երկիր միասին աշխատեն Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու ծրագրի վրա, ինչից հետո ծրագիրը կքննարկվի Միացյալ Նահանգների հետ, BBC-ին տված հարցազրույցում ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որն այսօր այդ հարցերը քննարկելու համար Լոնդոն է հրավիրել եվրոպական մի շարք երկրների առաջնորդներին:
«Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղղությամբ քայլ ենք անում»,- ասաց Սթարմերը, որը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը երեկ հայտարարել էր՝ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողքին է և «կաջակցի այնքան ժամանակ, որքան հարկավոր է»:
Սթարմերը նշեց երեք բան, որ իր կարծիքով, անհրաժեշտ են Ուկրաինայում կայուն խաղաղության համար՝ ուժեղ Ուկրաինա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Կիևը կարողանա շարունակել պայքարը և բանակցել ուժեղ դիրքերից, Եվրոպայի ներգրավվածություն՝ անվտանգության երաշխիքներով և ԱՄՆ աջակցություն: Բոլոր երեք տարրերն էլ անհրաժեշտ են խաղաղությունը երաշխավորելու համար, ասաց Սթարմերը։
«Չի կարող գործարք լինել, որն ամբողջությամբ կձախողվի, և հենց դա է անհանգստացնում Զելենսկուն», - ասաց նա՝ հավելելով, որ Զելենսկին «իրավացիորեն մտահոգված է», որ առաջարկված գործարքը «պետք է պահպանվի»:
Սպիտակ տանը ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների սկանդալային հանդիպումից հետո այսօր Լոնդոնում Քիր Սթարմերի առաջարկով անցկացվելիք հանդիպման օրակարգի գլխավոր հարցերն են՝ Եվրոպայի պաշտպանունակության բարձրացումը և ինչպես Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից՝ որպես ցանկացած խաղաղ համաձայնագրի մաս: Զելենսկին ինքը բազմիցս՝ նույնիսկ Սպիտակ տանը սկանդալային հանդիպումից հետո ասել է՝ ԱՄՆ աջակցությունը վճռական նշանակություն ունի ուկրաինական հակամարտության կարգավորման համար:
Լոնդոնյան հանդիպմանը հրավիրված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների առաջնորդներ, ինչպես նաև ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Այսօրվա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոդոն մեկնելուց առաջ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց՝ մտադիր է եվրոպացի առաջնորդներին կոչ անել, որ ուժեղացնեն ՆԱՏՕ-ի արևելյան թևը:
«Դա յուրաքանչյուր եվրոպական պետության մտադրությունների և հնարավորությունների իրական փորձություն կլինի՝ եվրոպական ավելի շատ զորքեր ունենալ Ֆինլանդիայում, Բալթյան երկրներում և Լեհաստանում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին»,- ասաց նա:
Տուսկը նաև նշեց՝ սատարում է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի առաջարկը՝ հրավիրել եվրոպացի առաջնորդների և Միացյալ Նահանգների մասնակցությամբ գագաթնաժողով։
Երեկ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,84 միլիարդ դոլար) վարկ կտրամադրի:
Սթարմերի հետ երեկվա հանդիպումից հետո Զելենսկին հայտարարեց՝ գումարը կօգտագործվի Ուկրաինայում զենք արտադրելու համար: «Սա է իսկական արդարադատությունը. նա, ով սկսել է պատերազմը, պետք է վճարի»,- հայտարարել էր նա: