Ուրբաթ երեկոյան ողջ աշխարհն ուղիղ եթերում հետևեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու աննախադեպ թեժ հանդիպմանը Սպիտակ տան Օվալաձև սենյակում։ Ըստ արարողակարգի աշխատակիցների և Սպիտակ տան լրագրողների, իրենք երբեք նման բան չէին տեսել այս պատերի ներսում։
Զելենսկին Վաշինգտոն էր մեկնել՝ փորձելու անվտանգության երաշխիքներ ստանալ հրադադարի դիմաց, ինչից հետո պետք է ստորագրվեր ուկրաինական հանքերը համատեղ շահագործելու և երկրի տնտեսությունը վերականգնելու մասին համաձայնագիրը:
Սկզբում ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, սակայն մթնոլորտը լարվեց, երբ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահն սկսեցին Զելենսկուն մեղադրել անհարգալից ու անշնորհակալ լինելու մեջ, երբ Ուկրաինայի նախագահը նախ՝ ասաց, որ Վլադիմիր Պուտինը «մարդասպան» է, ում ոչինչ պետք չէ զիջել, ապա նշեց, որ թեև ԱՄՆ-ին Եվրոպայից գեղեցիկ օվկիանոս է բաժանում, միևնույն է՝ այն ևս վաղ թե ուշ կզգա այս պատերազմի հետևանքները:
«Մեզ մի՛ ասեք, թե մենք ինչ կզգանք, մենք փորձում ենք լուծել խնդիրը, մի՛ ասեք, թե ինչ ենք մենք զգալու», - արձագանքել է Փրամփը:
Փոխնախագահ Վենսն իր հերթին Զելենսկուն մեղադրեց, որ ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի անգամ շնորհակալություն չի ասել, ապա հիշեցրեց, որ 2024-ին Փենսիլվանիա այցի ժամանակ աջակցել է ընդդիմությանը:
Հանդիպումը, ի վերջո, ավարտվեց առանց որևէ պայմանավորվածության: Չեղարկվեց հանդիպումից հետո նախատեսված համատեղ մամուլի ասուլիսը, նաև չստորագրվեց հանքերի շահագործման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը շաբաթներ էին բանակցել:
Եվրոպան Ուկրաինայի կողքին է և կավելացնի իր աջակցությունը, որպեսզի երկիրը շարունակի պայքարել ագրեսորի դեմ. Կալլաս
Թրամփ-Զելենսկի հանդիպումից անմիջապես հետո Եվրամիության առաջնորդներն աջակցություն հայտնեցին Ուկրաինայի նախագահին: Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն հանդիպումից հետո X-ում գրեց՝ Եվրոպան Ուկրաինայի կողքին է և կավելացնի իր աջակցությունը, որպեսզի երկիրը շարունակի պայքարել ագրեսորի դեմ։
«Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է հարկավոր։ Այս մարտահրավերը ստանձնելը մեր՝ եվրոպացիներիս պատասխանատվությունն է», - նշել է Կալլասը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարեց՝ Զելենսկին իր արժանապատիվ կեցվածքով հարգում է ուկրաինացի ժողովրդի քաջությունը և հավաստիացրեց՝ Ուկրաինան շարունակական աջակցություն կստանա արդար և կայուն խաղաղության համար։ Ուկրաինային աջակցություն հայտնեցին նաև Կանադայի և Լեհաստանի վարչապետերը, Գերմանիայի գործող կանցլերն ու Ֆրիդրիխ Մերցը, որը հավանաբար կդառնա երկրի հաջորդ կանցլերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր հերթին ասաց, որ կա ագրեսոր, որը Ռուսաստանն է և կա ագրեսիայի ենթարկված ժողովուրդ, որն Ուկրաինան է:
«Կարծում եմ, որ մենք ճիշտ էինք, երբ երեք տարի առաջ օգնեցինք Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառեցինք Ռուսաստանի նկատմամբ և շարունակեցինք դա անել: Եվ երբ ասում եմ՝ մենք, նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպացիները, կանադացիները, ճապոնացիները և շատ ուրիշներ», - նշել է Մակրոնը:
Զելենսկին վստահեցնում է՝ Ուկրաինան պատրաստ է խաղաղության
Հանդիպումից հետո Թրամփն իր սոցցանցում գրեց՝ Զելենսկու հետ զրույցից եզրակացրել է, որ նա պատրաստ չէ խաղաղության, ապա հավելեց՝ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի»: Զելենսկին իր հերթին X-ում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին ու ամերիկացի ժողովրդին՝ աջակցության համար: «Ուկրաինան կարիք ունի արդար և տևական խաղաղության, և մենք հենց դրա համար ենք աշխատում»,- գրեց նա:
Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին վստահեցրեց՝ Ուկրաինան պատրաստ է խաղաղության. - «Սակայն մենք պետք է ամուր դիրքերում լինենք: Ի՞նչ է դա նշանակում: Պարզապես իմանալ, որ մեր բանակն ուժեղ է, որ մեր գործընկերները մեզ հետ են, և որ մենք անվտանգության երաշխիքներ ունենք:
«Ազատության» Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի թեմաներով խմբագիր Սթիվ Գուտերմանը կարծում է, որ որքան էլ այս հանդիպումը տհաճ էր, դեռ կա հավանականություն, թեկուզ փոքր, որ հասցված վնասը կարող է վերականգնվել, հաշվի առնելով, որ դրանից առաջ էլ Թրամփը Զելենսկուն «բռնակալ» էր անվանել, և դա չէր խանգարել, որ հանդիպեն:
Բացի դրանից՝ այս հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունները, որոնք էլ ավելի ընդգծված են դարձել Թրամփի իշխանության գալուց հետո, կարող են ավելի խորանալ: «Ազատության» խմբագրի գնահատմամբ՝ այս հանդիպումը ուժեղացրել է Կիևում և Բրյուսելում մտավախությունները, որ Ուկրաինային կարող է պարտադրվել համաձայնագիր, որը ձեռնտու է Ռուսաստանին՝ խաթարելով արդար և կայուն խաղաղության ջանքերը: