Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողքին է և «կաջակցի այնքան ժամանակ, որքան հարկավոր է». Քիր Սթարմեր


Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողքին է և «կաջակցի այնքան ժամանակ, որքան հարկավոր է», Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոնում երեկ Զելենսկու և Դոնալդ Թրամփի թեժ վեճի վերածված հանդիպումից հետո, որի ժամանակ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահը Զելենսկուն մեղադրեցին «անշնորհակալ» և «անհարգալից» լինելու մեջ, արդյունքում հանդիպումն ավարտվեց առանց որևէ պայմանավորվածության, նաև չստորագրվեց ուկրաինական հանքերի համատեղ շահագործման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը շաբաթներ էին բանակցել:

Զելենսկին շնորհակալություն հայտնեց Սթարմերին՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ցուցաբերվող աջակցության համար, և շնորհակալություն հայտնեց թագավոր Չարլզ III-ին վաղը նրա հետ հանդիպումը կազմակերպելու համար։ «Մենք ուրախ ենք, որ ունենք նման գործընկերներ և բարեկամներ», - ասում է նա։

Քիր Սթարմերը վաշինգտոնյան երեկվա հանդիպումից հետո զանգահարել է ինչպես Թրամփին, այնպես էլ Զելենսկուն և ասել, որ Լոնդոնը «անսասան կերպով վճռական» է տրամադրված Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար և «անում է ամեն ինչ՝ Ուկրաինայի ինքնիշխանության և անվտանգության վրա հիմնված կայուն խաղաղության ուղի գտնելու համար»:

Մարտի 6-ին Փարիզում կայանալիք արդեն երրորդ հանդիպմանն ընդառաջ Քիր Սթարմերը եվրոպացի առաջնորդներին վաղը հրավիրել է Լոնդոն՝ քննարկելու հարցը, թե ինչպես աջակցել Ուկրաինային:

Հրավիրված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների առաջնորդներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:

Զելենսկին պետք է «ուղի գտնի»՝ վերականգնելու հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն BBC-ին ասել է, որ վաշինգտոնյան երեկվա հանդիպումից հետո երկու անգամ խոսել է Զելենսկու հետ: Ռյուտեն ասել է, որ չի կարող հրապարակել խոսակցությունների բովանդակությունը, բայց Զելենսկուն ասել է, որ «մենք պետք է հարգենք» այն, ինչ Թրամփն արդեն արել է Ուկրաինայի համար։ Զելենսկին պետք է «ուղի գտնի»՝ վերականգնելու հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ, ընդգծել է Ռյուտեն։

Վաշինգտոնյան ձախողված բանակցություններից հետո Եվրամիության մի շարք երկրների առաջնորդներ աջակցություն հայտնեցին Ուկրաինայի նախագահին: Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն X-ում գրեց՝ Եվրոպան Ուկրաինայի կողքին է և կավելացնի իր աջակցությունը, որպեսզի երկիրը շարունակի պայքարել ագրեսորի դեմ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարեց՝ Զելենսկին իր արժանապատիվ կեցվածքով հարգում է ուկրաինացի ժողովրդի քաջությունը և հավաստիացրեց՝ Ուկրաինան շարունակական աջակցություն կստանա արդար և կայուն խաղաղության համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն, իր հերթին, հայտարարեց, որ կա ագրեսոր, որը Ռուսաստանն է և կա ագրեսիայի ենթարկված ժողովուրդ, որն Ուկրաինան է:

«Կարծում եմ, որ մենք ճիշտ էինք, երբ երեք տարի առաջ օգնեցինք Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառեցինք Ռուսաստանի նկատմամբ և շարունակեցինք դա անել: Եվ երբ ասում եմ՝ մենք, նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպացիները, կանադացիները, ճապոնացիները և շատ ուրիշներ», - նշեց Մակրոնը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG