Թուրքիան պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, խաղաղապահ զորք ուղարկել Ուկրաինա, հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
«Այդ հարցը կդիտարկվի, եթե տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար դա անհրաժշտ լինի», - հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին՝ գրում է Reuters-ը՝ նշելով, որ հարցի շուրջ, սակայն, հստակ որոշում չկա։
Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մասին վերջին շրջանում ակտիվորեն խոսում են նաև եվրոպական երկրները։ Երբ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջին անգամ շրջանառեց այդ գաղափարը, քչերը պաշտպանեցին այն։ Սակայն փետրվարի 19-ին Փարիզում եվրոպական երկրների արտահերթ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, թե Լոնդոնը պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա։
Շվեդիան և Նիդեռլանդները նշել են, որ հնարավոր է՝ մասնակցեն խաղաղապահ առաքելությանը «որոշակի պայմաններում»: Սակայն Լեհաստանը, որն ունի մեծ բանակ, ասել է, որ Վարշավան Ուկրաինա զինվորներ չի ուղարկի։
Եվրամիության մյուս առաջատար երկրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցուն «նյարդայնացրել» են այս հարցի շուրջ «վաղաժամ» քննարկումները:
Ամերիկացի պաշտոնյաները արդեն մի քանի անգամ հստակ ասել են, որ Նահանգները չի պատրաստվում մասնակցել հնարավոր խաղաղապահ առաքելությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ընդգծել է, որ Վաշինգտոնը դեմ չէ, եթե Եվրամիությունն այդ խաղաղապահ առաքելությունն իր ուսերին վերցնի։
Ըստ եվրոպական ծրագրի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն ոչ թե սահմանին, այլ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մոտ՝ ստանալով ԱՄՆ օդային և ծովային ուժերի պաշտպանությունը։ Մակրոնն ասել է, որ այդ զորքը կարող է տեղակայվել կայուն խաղաղության հաստատումից հետո միայն։