Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են Կիևին աջակցության և Եվրոպայի անվտանգության հարցերը


Եվրոպական երկրների առաջնորդները մի քանի ժամ է՝ արտահերթ հավաք են անցկացնում Բրյուսելում: Գլխավոր հարցը՝ ինչպես պաշտպանել սեփական անվտանգությունն ու օգնել Ուկրաինային նոր իրողությունում, որում ամեն ինչ արմատապես փոխվեց, երբ Դոնալդ Թրամփը դադարեցրեց ռազմական օգնությունը Կիևին:

Հանդիպումից առաջ եվրոպացի առաջնորդները հայտարարեցին՝ միայնակ չեն թողնի Ուկրաինային և ավելի շատ կծախսեն պաշտպանության վրա:

«Այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք Ուկրաինային»,- հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

Եվրոպան ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանությունը՝ կայուն խաղաղություն ապահովելու համար և առաջարկում է Եվրոպայի վերազինման ծրագիր` 800 միլիարդ եվրո բյուջեով, իր հերթին ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Այն անդամ երկրներին բյուջետային տարածք է տալիս պաշտպանության ոլորտում ներդրումներ անելու համար … հնարավորություն է տալիս ներդրումներ անել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունում կամ ձեռք բերել ռազմական հնարավորություններ, որոնք անմիջապես կգնան Ուկրաինա», - նշել է Լայենը։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը շեշտեց՝ Ուկրաինան պետք է կարողանա պատերազմն իր պայմաններով ավարտել, հետևաբար, նրանք եվրոպական աջակցության կարիքն ունեն:

Ուկրաինայի մշտական աջակիցներից մեկը՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հերթին ասաց՝ մի բան միանշանակ է՝ Եվրոպան պետք է ընդունի իրեն նետված ձեռնոցն ու հաղթի այս պայքարում:

«Եվրոպան՝ որպես ամբողջություն, իսկապես կարող է հաղթել Ռուսաստանի հետ ցանկացած ֆինանսական, տնտեսական, ռազմական առճակատում: Մենք պարզապես ավելի ուժեղ ենք: Պարզապես պետք էր սկսել հավատալ դրան: Եվ այսօր, հավանաբար, դա տեղի է ունենում», - ասել է Տուսկը:

«Ծախսել, ծախսել, ծախսել պաշտպանության և զսպման վրա: Դա է ամենակարևոր ուղերձը», - Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կոչ արեց եվրոպացի առաջնորդներին, որոնք տասնամյակներով պաշտպանական ծախսերը հաճախ ամենավերջում են քննարկել:

Եվրոպան, սակայն, միաբան չէ Ուկրաինային աջակցելու հարցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ի «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցումը «իրատեսական չէ»:

Իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը նախկինում բազմիցս փորձել է արգելափակել ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային և սատարում է Թրամփին, Եվրոպական խորհրդի նախագահին ուղղված նամակում պահանջել է՝ Ուկրաինան չպետք է հիշատակվի հանդիպման արդյունքներով ընդունվելիք որևէ փաստաթղթում։

Մինչ Եվրոպան փորձում է աջակցել Ուկրաինային, ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ն նոր վարչակազմը ծրագրում է չեղարկել պատերազմից հետո ԱՄՆ տեղափոխված մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը, ինչի արդյունքում նրանց կարող են արտաքսել երկրից:

XS
SM
MD
LG