Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին թեժացավ Ցեղասպանության ուրացման թեման: Ընդդիմությունը ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարեց՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագիծ է մշակել, իշխանությունից սա որակեցին երեսպաշտություն՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքում արդեն կա նման հոդված:
Այսօր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը բացատրեց գործողի և իրենց կողմից առաջարկվող կարգավորումների տարբերությունը:
«Եթե հիմիկվա օրենսգրքով չի իրականացվել ատելության քարոզին զուգահեռ Ցեղասպանության ժխտումը, դա քրեականացված չէ: Ինչո՞ւ է այսպես օրենքը եղել, որովհետև երբ օրենքը գրել են, մտայնությունն այն է եղել, որ ազգությամբ հայը չի կարող հերքել Ցեղասպանությունը, -յան ազգանունով ազգությամբ հայը, միայն օտարերկրացին կարող է դա անել և դրա պատճառը կարող է լինել ատելության քարոզը», - նշեց Վարդանյանը:
Ընդդիմությունն այժմ առաջարկում է ցանկացած դեպքում, առանց շարժառիթները հաշվի առնելու Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը կամ արդարացնելը քրեականացնել: Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, քննարկումների փուլ կմտնի հավանաբար մեկ ամսից: Սրա անհրաժեշտությունն, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, առաջացավ նաև տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո. - «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնան, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»:
Հետագայում Փաշինյանն ինքն էր պարզաբանել իր այս հայտարարությունն ու տարակուսել, որ իրեն մեղադրում են Ցեղասպանության ուրացման համար, այդուհանդերձ Քրիստինե Վարդանյանն այսօր էլ պնդեց. - «Հասել ենք այն կետին, որ փաստացի ուղղակի Ցեղասպանությունը հարցականի տակ դնելու նման հայտարարություններ են եղել, նաև իշխանության երեկվա արձագանքն էր դրա մասին: Երբ ասում են՝ պիտի հասկանան՝ Դաշնակությունն ինչ մասնակցություն է ունեցել Ցեղասպանությանը, դա Թուրքիայի նարատիվի կրկնություն չի՞ և հարցականի տակ դնել չի՞ այն փաստը, որ թուրքերն իրականացրել են Հայոց ցեղասպանություն»:
Իշխանության ներկայացուցիչները ճեպազրույցների ընթացքում ընդդիմության նախագծից չխոսեցին, բայց իրենք էլ իրենց հերթին Ցեղասպանության ուրացման համար մեղադրեցին նախկին նախագահներին:
«Ցեղասպանությունից առաջ դաշնակները երիտթուրքերի հետ համագործակցություն են ու իրենց անունն այդ ժամանակներում արդեն հայտնի էր որպես օսման դաշնակներ: Հիմա դուք էդ մարդկանց մեղադրանքներն եք փորձո՞ւմ մեզ ուղղել, այն մարդկանց, ովքեր Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել, Արարատի նկարն էին հանել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից», - ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Այսօր նախատեսված է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Արդեն մի քանի օր է՝ տելեգրամյան ալիքներն ու իշխանության հետ փոխկապակցված լրատվամիջոցները գրում են, թե ընդդիմությունը երթի մասնակիցներին օգտագործելու է անկարգություններ հրահրելու համար: Ընդդիմադիր պատգամավորն իշխանությանն առաջարկեց դիմել դատախազություն, իսկ այսպիսի տեղեկություններն, ասաց, տարածվում են մի նպատակով՝ նսեմացնել երթի նշանակությունը:
«Իսկ կարո՞ղ է դա խոչընդոտում է այն պայմանավորվածությանը, ըստ որի, Սահմանադրության նախաբանից պետք է հեռացվի Անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագրում կա նաև կետ, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»:
Երեկ Ազգային ժողովի նախագահը երթի ժամանակ բախումները չէր բացառել՝ շեշտելով, թե դրան իրավապահները համարժեք կարձագանքեն, խոստացել էր՝ իրենք էլ լուռ չեն մնա:
Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ: