Վարչապետն այսօր հրավիրած ասուլիսում վստահեցնում էր՝ ինքը չի ուրանում Հայոց ցեղասպանությունը։
«Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի», - նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հնչում է վերջին օրերին իր հասցեին հնչող սուր քննադատության ֆոնին, ընդ որում՝ թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս։
Վարչապետն անցած շաբաթ շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
«Մեծ եղեռնը ոչ միայն անհերքելի է, դա մեր ինքնության մաս է, դա ուզելով-չուզելով չէ, չկա տենց ուժ, չի կարող դա անել, դա իմ, ձեր, բոլորիս արյան մեջ է, երակների մեջ է, և նման բան ասելը նշանակում է չճանաչել սեփական ժողովրդի ինքնությունը», - հայտարարեց նա։
Փաշինյանն այսօր փորձեց բացատրել, թե ինքը իր հայտարարությամբ ոչ թե կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը, այլ ընդամենը ցանկացել է քննարկման առարկա դարձնելու աշխարհը ընկալելու բանաձևերը, որոնք գուցե սխալ են։
«Խոսքը հետևյալի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։ Մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պիտի խոսենք Մեծ եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ ընկալված է երիտթուրքերի և Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը», - ասաց վարչապետը:
Լեմկինի ինստիտուտ. Փաշինյանն իր հայտարարությամբ աջակցել է Ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին
Չնայած Փաշինյանի այս պարզաբանումներին, ցեղասպանագետները, անգամ Ցեղասպանությունների կանխարգելման աշխարհահռչակ Լեմկինի ինստիտուտը պնդում են, որ Փաշինյանն իր հայտարարությամբ աջակցել է Ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին։
Փաշինյանի քայլը Լեմկինի ինստիտուտը համարել է վտանգավոր, քանի որ այն «սպառնում է համարձակություն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդեմ Հայաստանի»։
«Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի Ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի ու հայ գիտնականների, ինչպես նաև այլոց ուսումնասիրությունները, խոչընդոտ են արդարության համար շարունակվող պայքարում՝ հանուն Ցեղասպանության զոհերի, և ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում», - նշված է աշխարհահռչակ ինստիտուտի տարածած տեքստում։
Թեմային կոշտ է արձագանքել Մեծին Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը
Թեմային երեկ բավական կոշտ է արձագանքել Մեծին Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը՝ հորդորելով Հայաստանի վարչապետին «քննարկման առարկա չդարձնել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելու անհերքելի փաստը»:
«Հայոց ցեղասպանությունը ծրագրողի ու գործադրողի հասցեն հստակ է, ինչպես նաև՝ Ցեղասպանության պատճառները», - Փաշինյանին հակադարձել է Արամ Ա կաթողիկոսը։
«Նման մոտեցումները, ինչպես ժողովուրդն է ասում, օտարի ջաղացին ջուր լցնել է: Հայոց ցեղասպանության քննությունը պատմաբաններին հանձնելու առաջարկը Թուրքիայի գաղափարն է: Մոտեցում, որ մեզ համար անընդունելի է եղել ու կա։ Հայոց ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելու պատմական իրողությունը վիճելի և, հետևաբար, քննելի նյութ չէ», - նշված է հաղորդագրությունում:
Շեշտելով, որ Ցեղասպանությունը թե՛ ծրագրողների, թե՛ իրականացնողների և թե՛ պատճառների վերաբերյալ ամեն ինչ փաստագրված է, Արամ Առաջին կաթողիկոսն ընդգծում է, որ այժմ բոլորովին այլ գործընթաց է, այս պարագայում, նրա խոսքով, հատուցման իրավական ճանապարհին են, որի առաջին քայլն, ըստ Կիլիկիո կաթողիկոսի, «2015-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դատական գործն է՝ ուղղված Թուրքիայի պետության դեմ, որով պահանջում են Սիսի կաթողիկոսարանի վերադարձը»:
«Անիմաստ վեճերի առիթ տալու» փոխարեն Արամ կաթողիկոսը հորդորում է վտանգներով լի այս ժամանակաշրջանում զգույշ լինել և հեռու մնալ հայերի կյանքում նոր ճեղքեր առաջացնելու մոտեցումներից, և ընդհակառակը, համախմբել Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերին։