Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում եկամուտների հայտարարագրման նախագիծն էր քննարկում, սակայն թեման շեղվեց ու ընդդիմություն-իշխանություն բանավեճի և պատգամավորների միջև ձեռնամարտի վերածվեց:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթից հետո նախ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղից միմյանց արձագանքեցին, ապա միացավ Գառնիկ Դանիելյանը.
Կոնջորյան. - Ժողովուրդ ջան, Դաշնակցության ավանդույթը եթե պահում եք, մինչև վերջ պահեք, էդքանը: Եվ ես առաջարկում եմ՝ հաջորդ անգամ, պարոն Մանուկյան, ցնցեք մեզ՝ մի ինչ-որ խելացի բան ասեք:
Սիմոնյան. - Ակնհայտ ներքին վեճ ունեք դուք: Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք, դաշնակցականներով, «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ պլեն են ընկել էս խոսակցությանը:
Մինասյան. - Կա՛մ միկրոֆոնը միացրեք մենք էլ խոսենք, կա՛մ դադարեցրեք մեկնաբանությունները:
Սիմոնյան. - Չէ, չեք կարա, չեք կարա: Է տեղից անընդհատ խոսում եք, տեղից անընդհատ խոսում եք, տեղից անընդհատ խոսում եք, ի՞նչ ա ըլնում որ:
Մինասյան. - Ձեր արածի իմաստը ո՞րն ա:
Սիմոնյան. - Նստեք, նստեք, նստեք ... կանգնի, դու էլ նստած մնա ... նախ, դու-ով խոսա, երիտասարդ, երիտասարդ, լսի, երիտասարդ, դու-ով խոսա, լսում ե՞ս, լսում ե՞ս, նստի տեղդ, հանգստացի, հանգստացի...
Ինչի՞ց լարվեց մթնոլորտն Ազգային ժողովում. ընդդիմության և իշխանության տեսակետները տարբեր են: Խորհրդարանի երկրորդ ուժը վստահ է՝ իշխանությունը բորբոքվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությունից հետո, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնելու մասին։ Մինասյանին արձագանքեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց՝ 1918 թվականին, ՀՅ Դաշնակցությունը բարեկամության ու հաշտության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ:
«Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. - «Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ Ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար: Հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց: Իսկ առհասարակ Ազգային ժողովի նախագան շարունակում է չհասկանալ ինքը որտեղ ա գտնվում, և շարունակ սադրանքներով, նման պահվածքով ... »:
Իշխանությունը, մինչդեռ, վեճի պատճառն այլ է համարում:
«Միջադեպը սկսվել ա նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ Դաշնակցության խմբակցության, արդեն Դաշնակցության խմբակցությունն ա չէ՞ երևի, Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություն էր գնում, ինչին ես արձագանքեցի, ասեցի՝ «ձեր մեջ, դուք իրար հետ ինչ-որ չլուծված հարց ունե՞ք»: Ի պատասխան դրան՝ պարոն Մինասյանը ասեց՝ «ես էլ միկրոֆոնս կարամ միացնեմ և խոսեմ, բայց դա չեմ անում», դրան ի պատասխան՝ ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանը ասեց՝ «մի նստի, Արծվիկ», որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, հա, ասեցի՝ «դե լավ, որ ասում ա մի նստի, մի նստի, կամ դո՛ւ վեր կաց կանգնի», - պատմեց Ալեն Սիմոնյանը:
Ձեռնամարտը սկսվեց իշխանական Վահե Ղալումյանից ու դաշնակցական Գեղամ Մանուկյանից, ապա միացան իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Արեն Մկրտչյանը, ընդդիմությունից աչքի ընկան «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աշոտ Սիմոնյանն ու Արման Ղազարյանը:
Խորհրդարանի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների բանավեճի մյուս թեման՝ արդեն նիստերի դահլիճից դուրս, Քրեական օրենսգրքի փոփոխության՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածի շուրջ էր: Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով արդեն իսկ Ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի է.
«Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով», ըստ այդ հոդվածի, պատժվում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քառասնապատիկի չափով տուգանքից մինչև երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:
«Մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում կոնկրետ դեպքերի, միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն, և տարօրինակ ա, որ Հայաստանում դա մինչև հիմա չկա», - ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Սուտասան ա Իշխան Սաղաթելյանը և ոչ միայն սուտասան ա: Ես ձեզ ասեմ հետևյալը՝ նախ նման հոդված Քրեական օրենսգրքում վաղուց կա», - հակադարձեց ԱԺ նախագահը:
Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ գործող օրենքով պատիժ սահմանվում է այն դեպքում, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն, էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա. - «Մեր առաջարկած փոփոխությունը հետևյալն է, որ այս հոդվածը ամբողջությամբ վերաշարադրվում է, նախ հստակեցվում է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանությունը արդարացնելը, դրանց քարոզելը կամ վտանգավորությունը որևէ կերպ նսեմացնելը առանց որևէ ինչ-որ այլ շարժառիթների»:
Ընդդիմության նախագծով, ըստ Մինասյանի, խստացվում են պատիժները: Օրինակ՝ եթե Ցեղասպանության հերքումը արվել է հատուկ ատելություն ու բռնություն քարոզելու նպատակով, ապա պատիժը լինելու է ծանր հանցագործություն՝ 4-ից 8 տարի ազատազրկում նախատեսելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով՝ նախագիծն արդեն շրջանառության մեջ է: