Մատչելիության հղումներ

Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին պարզաբանել իր խոսքերը. Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդ


Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդը (CAAS) իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արված հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումների պատճառով»։

Վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Շվեյցարիայի հայամետ միություններիի խորհուրդը տարածած հաղորդագրությունում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության «ճանաչման կարևորության նվազեցումը կամ դրա վերանայումը անընդունելի է և անհամատեղելի է համաշխարհային հայկական համայնքի ակնկալիքների հետ»։

«Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անառարկելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատված են հարյուրավոր հետազոտողների կողմից։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է ակադեմիական հաստատությունների, մի շարք պետությունների, այդ թվում՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից, բայց ամենից առաջ՝ Հայաստանի Հանրապետության կողմից», - նաև նշված է հայտարարությունում։

CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին ստանձնել իրենց պարտականությունները. - «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումների պատճառով և չպետք է թույլ տա, որ հայկական ազգի հակառակորդները օգտագործեն նման հայտարարությունները ժխտողական նպատակներով»։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին պարզաբանել իր խոսքերը և վերահաստատել իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հետքայլ անել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից, ապա CAAS-ը, հայկական սփյուռքը և այս գործին նվիրված բոլոր դաշնակիցները կշարունակեն այս պատմական պայքարը՝ առանց դադարի»։

Նրանք նաև հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին կոչ են անում «համախմբված և զգոն մնալ՝ ընդդեմ ռևիզիոնիզմի կամ մեր հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի»։

«Ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ մենք ձգտում ենք տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG