Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», - նշել է վարչապետը։
Հունվարին վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Կոշտ քննադատությունից հետո Փաշինյանը վստահերել էր՝ Հայոց ցեղասպանությունը չի ուրացել:
Փաշինյանն ընդգծել է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է:
«Պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք, առաջինն առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ», - նշել է վարչապետը:
«Զանգեզուրի միջանցքի» մասին
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին վարչապետը հայատարարեց. - «Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի»:
«Այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ: Առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է և ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։», - ասաց վարչապետը:
«Շատ հղում է արվում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա»։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: «Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն»։
«Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը՝ փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում և այլն: Ես նկատի ունեմ, դա լավ մոտեցում չէ՝ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական. տեղ-տեղ ասել՝ այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել՝ այն ուժ ունի, ընդ որում՝ վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ի վերջո, դա հրապարակային փաստաթուղթ է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը համաձայն չէ ձևակերպման հետ, որ հորիզոնում հայ - ադրբեջանական խաղաղությունը չի երևում
Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ համաձայն չէ ձևակերպման հետ, որ հորիզոնում հայ - ադրբեջանական խաղաղությունը չի երևում՝ ընդգծելով՝ այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։
«Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։
Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ», - հայտարարել է Փաշինյանը:
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան
Վարչապետը նշելով, որ Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան», հայտարարել է, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա։
«Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել, արևմտյան Ադրբեջան կամ տեսնել, ցույց տալ՝ արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բացթողում, բայց ես նկատի ունեմ՝ մենք կարող ենք քարտեզի վրա նայել և ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը։ Այստեղ է արևմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախիջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելել է. - «Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։ Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել»։