Մատչելիության հղումներ

«Փաշինյանն ուղիղ խոստովանում է՝ Սահմանադրությունը փոխում է Ադրբեջանի պահանջով». ընդդիմադիր պատգամավոր

Լրացված

«Հայաստանի Սահմանադրությունից պետք է ջնջել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»

Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե «Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն», ոչ այլ ինչ է, քան ուղիղ խոստովանություն, որ երկրի մայր օրենքը վարչապետը ցանկանում է փոխել Ադրբեջանի պահանջով:

Փաշինյանը, որ նախկինում նոր Սահմանադրության անհրաժեշտությունը բացատրում էր քաղաքացիների կողմից մայր օրենքի նկատմամբ վստահության պակասով, նախօրեին առաջին անգամ խոսեց Սահմանադրության նոր տեքստի տարածաշրջանային նշանակության մասին:

«Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն է, որը իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված խնդրի կամ պահանջի կատարում: Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում դա ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ էն տեքստը, որը կարա լինի, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն», - հայտարարել է վարչապետ:

«Հիմա տարածաշրջանային ո՞ր խնդրին է հասցեագրվում Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը նշեց. - «Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն ներկայացնել՝ ինչպես կարող է որևէ երկրի մայր օրենքը ունենալ ներպետականից բացի տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նշանակություն: Ի՞նչ էին պնդում մեկ տարի շարունակ, որ դա բացառապես ներքաղաքական օրակարգ է, դրա մասին խոսել է Արարատ Միրզոյանը, դրա մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ ասում էին, որ դա իրենք շատ վաղուց են նախաձեռնել՝ մինչև Ադրբեջանից նման պահանջին հնչեցումը: Հիմա տարածաշրջանային ո՞ր խնդրին է հասցեագրվում Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը: Տարածաշրջանային խնդիրը, որի հետ Հայաստանն առնչություն ուներ, արցախյան հակամարտությունն էր, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էլ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ի՞նչ կապ ունի դրա հետ Սահմանադրությունը: Ես սա գնահատում եմ ուղիղ խոստովանություն նրա մասին, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունն իրականացվում է արտաքին պահանջով, իսկ արտաքին դերակատարներից նման պահանջ են հնչեցրել Թուրքիան և Ադրբեջանը»:

Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանից պահանջում է փոխել մայր օրենքը, մասնավորապես, Սահմանադրությունից դուրս բերել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին՝ պնդելով առանց Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար կլինի:

«ՀՀ Սահմանադրությունից պետք է ջնջել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները». Հաջիև

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե «Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն», Բաքվից շտապեցին կրկին հիշեցնել իրենց նախապայմանի մասին: Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն այս անգամ արդեն կոնկրետ օրինակով է խոսել, թե ինչպես է մի երկիր մյուս երկրի հետ հարաբերությունները կարգավորվելու համար փոխել Սահմանադրությունը:

«Հայաստանի Սահմանադրությունից պետք է ջնջել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այդպիսի պրակտիկա արդեն եղել է: Իռլանդիան փոփոխություններ է կատարել իր Սահմանադրության մեջ՝ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված», - նշել է Հաջիևը:

«Ո՞րն է երաշխիքը, որ սա Ադրբեջանի վերջին նախապայմանն է

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հակադարձում է՝ Հաջիևը լավ կլինի պատասխանի, թե Բաքուն ինչ պետք է անի իր սահմանադրության հետ, որտեղ տարածքային պահանջներ կան ոչ միայն Հայաստանի այլև հարևան Վրաստանի նկատմամբ: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունը երբևէ խնդիր չի եղել հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման համար, պարզապես Բաքուն բանակցությունների մի կոնկրետ փուլում նոր նախապայման առաջ քաշեց՝ այս անգամ էլ պահանջելով Սահմանադրության փոփոխություն:

«Ես հարց եմ տալիս՝ իսկ ո՞րն է երաշխիքը, որ սա Ադրբեջանի վերջին նախապայմանն է, հատկապես, որ Ադրբեջանն արդեն նոր նախապայման է ներկայացնում, այդ նախապայմանը վերաբերում է, որ Հայաստանի քաղաքացիներին պետք է արտահանձնեն Բաքու, Բաքվում ընթացող շինծու դատավարությունների ֆոնին, որովհետև իբր դերակատարները գտնվում են այստեղ: Սա հաջո՞րդ նախապայմանն է, հաջորդ պահանջը ո՞րն է լինելու, որ մինչև չարտահանձնեն X թվով մարդիկ, Ադրբեջանը փաստաթուղթ չի՞ ստորագրելու», - ասաց Վարդանյանը:

Բաքուն վերջին օրերին կոչ է անում Հայաստանին իրեն հանձնել «ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»։ Թեև Ադրբեջանը կոնկրետ անուններ չի հնչեցնում, սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ներկայացված մեղադրանքների շրջանակներում պարբերաբար հիշատակվում են նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, ինչպես նաև այլ ռազմական ու քաղաքական գործիչների անուններ:




XS
SM
MD
LG