Մատչելիության հղումներ

Պեկինը չի պատրաստվում տեղի տալ Թրամփի տնտեսական սպառնալիքներին


Պեկինը հասկացնում է, որ չի պատրաստվում տեղի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական սպառնալիքներին։ Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են «մինչև վերջ պայքարել» առևտրային պատերազմում, չթուլանալ նույնիսկ բորսային շուկաներում տիրող անկայունության պայմաններում:

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած լրացուցիչ մաքսատուրքերի կհաջորդեն «հակաքայլեր», և որ Պեկինը կպայքարի մինչև վերջ, եթե Վաշինգտոնը «շարունակի նույն ոգով»։

Մաքսատուրքերը, որոնք Միացյալ Նահանգներում անվանում են «հայելային», Չինաստանի կառավարությունն «անհիմն» է որակել ու պնդել, որ նման որոշումը «տնտեսական ճնշման տիպիկ դրսևորում է»։

Այս հայտարարությամբ Պեկինն արձագանքում է Թրամփի երեկվա սպառնալիքներին:

Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է՝ եթե Չինաստանը չնահանջի, այդ երկրից ներկրվող ապրանքների համար ևս 50 տոկոս մաքսատուրքեր կսահմանի։ Այսինքն՝ չինական ապրանքները կենթարկվեն 104 տոկոս մաքսատուրքերի:

Չինաստանի կառավարությունը, ի պատասխան, ամերիկացի առաջնորդին կոչ է արել վերանայել որոշումը և նստել բանակցությունների։ Երեկ լրագրողները նախագահ Թրամփից հարցնում էին՝ չի՞ մտածում արդյոք հայտարարված մաքսատուրքերի գործողության դադարի մասին, ինչին Սպիտակ տան ղեկավարը բացասական է արձագանքել. - «Մենք չենք դիտարկում։ Մենք շատ ու շատ երկրներ ունենք, որոնք գալիս են բանակցելու մեզ հետ գործարքների շուրջ, և դրանք լինելու են արդար գործարքներ»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որին նախագահը հանձնարարել է վարել այդ բանակցությունները, անցած օրերին Fox հեռուստաընկերությանն ասել է՝ Չինաստանը «կմեկուսացնի իրեն», եթե պատասխանի ամերիկյան մաքսատուրքերին։ Ամերիկացի պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել , որ բանակցությունների արդյունքում երկրների համար մաքսատուրքերը կնվազեն:

Մինչ այս պահը Թրամփի մոտ բանակցությունների է շտապել միայն Վաշինգտոնի մերձավոր դաշնակից Իսրայելի առաջնորդը։ Բենյամին Նեթանյահուի նպատակը 17 տոկոս մաքսատուրքերը չեղարկելն է։ Երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը հավաստիացնում էր՝ իր երկիրը կվերացնի Վաշինգտոնի հետ առևտրային դիսբալանսը, ինչից դժգոհում է Թրամփը:

«Մենք ցանկանում ենք դրան հասնել շատ արագ։ Եվ մենք պատրաստվում ենք վերացնել առևտրային խոչընդոտները», - հավաստիացնում էր Նեթանյահուն։

Թրամփի խոսքով՝ Նեթանյահուից հետո Ճապոնիայի պատվիրակությունն է դեպի Սպիտակ տուն ճանապարհին։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ աշխարհի ևս մի քանի տասնյակ երկրներ բանակցությունների հայտ են ներկայացրել։ Անուններ չեն հաղորդվում։

Վաշինգտոնի խոշորագույն առևտրային գործընկերը և աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը՝ Եվրամիությունը, որը Թրամփի որոշմամբ 20 տոկոս մաքսատուրքերի է բախվել, մի քանի օր է տարբեր առաջարկներ է անում Նահանգներին՝ պատրաստակամություն հայտնելով լուծումներ փնտրել բանակցությունների սեղանի շուրջ։ Բրյուսելը մասնավորապես առաջարկել է զրոյացնել ավտոմեքենաների և այլ արդյունաբերական ապրանքների համար մաքսատուրքերը:

«Բավարար չէ»,- երեկ արձագանքում էր Թրամփը՝ պնդելով, որ ընդհանրապես Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ին վնասելու համար։

«Եվրոպական միությունը մեզ հետ իրեն շատ, շատ վատ է պահում, նրանք չեն ընդունում մեր ավտոմեքենաները, չեն ընդունում մեր գյուղատնտեսական ապրանքները։ Նրանք ընդհանրապես գրեթե ոչինչ չեն ընդունում», - բողոքել է Թրամփը՝ Դաշինքից պահանջելով փոխել Ամերիկայի հետ առևտրի ծավալների անհավասարակշռությունը՝ գնելով ավելի շատ ամերիկյան էներգակիրներ։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահի այս հայտարարություններից ու տնտեսական ցավոտ որոշումներից ցնցված համաշխարհային ֆոնդային շուկաներն այսօր փորձում են վերականգնվել։ Եվրոպական բաժնետոմսերը չորս օր տևած գահավիժումից հետո այսօր սկսել են կայունության նշաններ ցույց տալ, կտրուկ նվազած նավթի գները նույնպես վերականգնվում են։ Ճապանիայում՝ առևտրային բանակցությունների շուրջ պայմանավորվածության ֆոնին ծանր կորուստների բախված Nikkei-ի ինդեքսները 6 տոկոսով աճել են։ Դրական տեղաշարժեր կան նաև չինական շուկայում։

Թրամփը պնդում է, որ իր կողմից 10-ից մինչև 50 տոկոս մաքսատուրքերի սահմանումը կօգնի վերադարձնել ԱՄՆ-ի կորսված արդյունաբերական հիմքը, որը թուլացել է, իր համոզմամբ, առևտրի ազատականացման պատճառով։

XS
SM
MD
LG