Աշխարհով մեկ ֆոնդային բորսաներում անկում է, մինչ կառավարությունները քննարկում են՝ ինչպես արձագանքել Միացյալ Նահանգների կողմից անցած շաբաթ սահմանված մաքսատուրքերին։
Չինաստանն արդեն հայտարարել է ամերիկյան ապրանքների նկատմամբ հանարժեք 34 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա հինգշաբթի։ Եվրամիության առևտրի նախարարներն էլ այդ հարցով այսօր Լյուսքեմբուրգում են հավաքվել։
«Մենք պետք է բացենք եվրոպական պատասխան պատժամիջոցների արկղը, որը համապարփակ է և կարող է նաև շատ ագրեսիվ լինել», - հավաքից առաջ հայտարարել է Ֆրանսիայի առևտրի նախարարը։
Պաշտոնական Փարիզն ու Բեռլինը, մասնավորապես, գործընկերներին առաջարկում են նոր մաքսատուրքեր սահմանել ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ։
Սպիտակ տան ղեկավարը, մինչդեռ, պաշտպանել է իր որոշումը․ նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով՝ «երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել»։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ ասել է, որ ավելի քան 50 երկիր արդեն դիմել է Սպիտակ տուն՝ առևտրային տուրքերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։