Սաուդյան Արաբիայում այսօր մոտ 4.5 ժամ տևած բանակցություններից հետո Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարել են ձեռք բերված առաջին համաձայնությունների մասին:
Նախ՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել խորհրդատվական մեխանիզմ, որպեսզի հարթեն երկկողմ հարաբերությունների կնճռոտ հարցերն ու վերականգնեն դեսպանատների գործունեությունը։ Զուգահեռ, երկու գերտերությունները նաև կստեղծեն աշխատանքային խմբեր՝ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու համար․ լուծումը պետք է լինի կայուն և արդար, հայտարարեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես դուրս եկա բանակցություններից համոզված, որ ռուսները պատրաստ են սկսել լուրջ գործընթաց՝ որոշելու, թե որքան արագ և ինչ մեխանիզմով կարող է ավարտել այս պատերազմը: Արդյոք մենք, ի վերջո, կկարողանա՞նք հասնել դրան՝ կախված է հակամարտության յուրաքանչյուր կողմի պատրաստակամությունից՝ համաձայնելու որոշ բաների: Այնպես որ, կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր է, քանի որ մենք իրականում գրեթե երեք տարի ռուսների հետ մեծ շփում չենք ունեցել», - նշել է պետքարտուղարը:
Կողմերը խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի գործընթացն առաջ գնա ժամանակին և արդյունավետ կերպով: Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրոպան ևս պետք է ինչ-որ փուլում այս բանակցություններին ներգրավվի, ընդգծելով, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու դեպքում Արևմուտքը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
«Ցանկացած հակամարտություն վերջ տալու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գնան զիջումների... Կան այլ կողմեր, որոնք պատժամիջոցներ են կիրառել: Եվրամիությունը ինչ-որ պահի պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նրանք նույնպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառել», - ընդգծել է Ռուբիոն:
«Ռուսական կողմը հանդիպումը որակել է օգտակար ու արդյունավետ: Մենք ոչ միայն ունկնդրում էինք, այլև լսում էին միմյանց»,- ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, միաժամանակ ընդգծել՝ Մոսկվայի կարմիր գծերը մնում են անփոփոխ։
«Մենք այսօր մեր գործընկերներին բացատրեցինք այն, ինչ նախագահ (Վլադիմիր) Պուտինը բազմիցս ընդգծել է. ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Ուկրաինայի կլանումը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության շահերին, ուղղակի սպառնալիք մեր ինքնիշխանությանը», - նշել է ԱԳ նախարարը:
Ռուսաստանը և ԱՄՆ-ն նաև հայտարարել են, որ շահագրգռված են վերականգնել համագործակցությունը աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ, ինչպես նաև վերացնել տնտեսական համագործակցության խոչընդոտները: Ըստ Լավրովի՝ այսօրվա հանդիպմանը կողմերը քննարկել են նաև՝ ինչ պետք է անել նախագահներ Պուտին-Թրամփ հանդիպմանը պատրաստվելու համար:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ այդ հանդիպումը կայանա մինչև փետրվարի վերջ: «Դրա համար կողմերը պետք է սերտորեն աշխատեն, իսկ կոնկրետ ժամկետի մասին խոսելու համար դեռ վաղ է», - ասել է նա՝ հաստատելով, որ ռուս-ամերիկյան այս հանդիպմանը քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը:
«Այո՛, մենք քննարկել ենք այդ թեման և ուրվագծել մեր հիմնարար մոտեցումները և պայմանավորվել ենք, որ բանակցողների առանձին թիմեր կապ կհաստատեն միմյանց հետ երբ ժամանակը գա», - նշել է Ուշակովը:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, որը ևս մասնակցում էր այսօրվա հանդիպմանը, ասել է, որ առաջիկա բանակցությունները կենտրոնանալու են Ուկրաինայի տարածքային և անվտանգության երաշխիքների վրա։ «Այն պետք է վերջնականապես վերջ դնի պատերազմին և ոչ թե ժամանակավորապես, ինչպես տեսել ենք անցյալում»,- ասել է նա:
Հաղորդվել է, որ առաջիկայում Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է գլխավոր բանագնացներ նշանակեն այս հարցով․ թե ովքեր են լինելու այդ դիվանագետները, և երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ առայժմ չի հաղորդվել։