Գյումրիում այս ամսվա վերջին կայանալիք ընտրություններում գլխավոր ինտրիգն է՝ առաջադրված 9 քաղաքական ուժերից որն ում կմիանա, իսկ ավելի կոնկրետ՝ ավագանի անցնելու դեպքում ով կհամագործակցի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Ընտրություններին մասնակցող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն այսօր պնդեց՝ ընդդիմադիր դաշտում երկու ուժ իշխանության դաշտում է խաղում: Մեկն, ըստ Սուրենյանցի, եվրոպամետ ուժերի «Եվրադաշինքն» է, իսկ ավելի ստույգ՝ դրան մաս կազմող «Հանրապետությունը», որը 2023-ին Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրեց ու Տիգրան Ավինյանին հնարավորություն տվեց քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել: Սուրենյանցի կարծիքով՝ իշխանությունները նույն սցենարն ուզում են Գյումրիում կրկնել:
«Իշխանությունները փորձում են այս դաշինքի միջոցով Գյումրիում ներդնել այն նույն արատավոր մոդելը, որն օգնեց, որպեսզի Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանի իր իշխանությունը: Հնարավոր չէ Երևանում լինել ՔՊ-ի կոալիցիոն գործընկերը, Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից», - ասաց նա:
Ի պատասխան՝ «Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյան այսօր «Ազատությանն» ասաց՝ դեռ չի դիտել Սուրենյանցի տեսանյութը, երբ ժամանակ ունենա, կորոշի՝ պատասխանել, թե ոչ: «Եվրադաշինքի» հուշագրի ստորագրման ժամանակ «Ազատությունը» «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից էր հետաքրքրվել՝ հնարավո՞ր է երևանյան սցենարով նաև Գյումրիում համագործակցեն ՔՊ-ի հետ։ Արամ Սարգսյանը հակադարձել էր, թե իրենք ընտրապայքարի մեջ են մտնում հաղթելու համար։ Միաժամանակ համագործակցությունը չբացառելով՝ առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագրից» ճշտել՝ նրանք կմիանա՞ն «Եվրադաշինքին»:
Առաջադրված մյուս թեկնածուներից նախկին քաղաքապետ, Կոմկուսի հետ ընտրությունների գնացող Վարդան Ղուկասյանը կոալիցիայի հնարավորության մասին հարցին պատասխանելով արձագանքեց. «ՔՊ-ի անուն չտաք ինձ մոտ»:
«՞Ոնց կարող է հայի տղան պաշտոնի, փողի համար գնա, դրանց հետ կոալիցիա կազմի», - ասաց նա:
Կոալիցիա կազմելու հարցում Ղուկասյանը ընդդիմադիրների մեջ ընտրություն կանի. «Նիկոլին բերողների հետ էլ չեմ կազմելու, որ նրանցից շատերի հետևից նրանց ականջներն է երևում: Դրանց հետ էլ չեմ կազմելու կոալիցիա»:
Նախկին քաղաքապետը, սակայն, չասաց, թե ում հետևում ում ականջներն է տեսնում: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Իմ քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ևս բացառում է իշխող ուժի հետ կոալիցիան:
«Ապրելու երկիրը» կուսակցությունը, որ գործող ավագանիում է, պնդում է՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում չի համագործակցի ՔՊ-ի հետ: Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը գալիս է ՔՊ-ի կառավարումից Գյումրին ազատելու:
Նույնն է պատրաստվում անել պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ պնդելով, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր քաղաքապետ: Ի դեպ, այսօր այս քննարկումը թեժացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրենյանցը իշխանությունների կողմից ընդդիմադիր դաշտ գործուղված թեկնածու է համարում նաև Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջին համար Արտյոմ Թումանյանին:
Վերջինս 44-օրյա պատերազմից հետո ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի Գյումրիում հանրահավաք կազմակերպեց, ամիսներ առաջ էլ ՔՊ-ի փրայմերիզին մասնակցելու հայտ ներկայացրեց, իրեն որպես ՔՊ-ի համակիր էր ներկայացնում: Արդյոք Թումանյանը ՔՊ-ի արբանյակն է. այս հարցին պատասխանելիս վարչապետի գյումրեցի մամուլի խոսնակը, առանց անուն տալու, խորհուրդ տվեց ճշտել, թե թեկնածուն որ թաղում և ում հարևանությամբ է ապրում. «Իսկ կարո՞ղ է ընդդիմության կողմից է ներդրված, որ մեր ձայները տանի»:
Ինքը՝ Արտյոմ Թումանյանը, որ հանրության ուշադրությունն օրերս գրավեց ֆայտոնի վրա կանգնած տեսանյութով, դեռ չի հստակեցրել՝ ի վերջո որ դաշտում է՝ ընդդիմադիր, թե իշխանական: