6 կուսակցություն, 3 դաշինք. առաջադրումների վերջնաժամկետին այսքան քաղաքական ուժ հայտ ներկայացրեց Հայաստանի երկրորդ քաղաքում մարտի 30-ին կայանալիք ընտրություններին: Առաջիկա օրերին ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի փաստաթղթերը, որպեսզի հաստատի կամ մերժի մասնակցությունը:
ԴՕԿ կուսակցությունը և Դաշնակցությունը թեև հայտարարել էին, որ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, բայց այսօր այդ ուժերը հայտարարեցին, որ չեն մասնակցելու, մեկը ԱՄՆ-ում կուսակցության ղեկավարի ձերբակալման, մյուսն էլ ընդդիմադիր դաշտի ոչ միասնական լինելու պատճառաբանությամբ:
Ամենամեծ նախընտրական ցուցակը ներկայացրեց Գյումրիում ժամանակավոր կառավարումն իր ձեռքը վերցրած «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 99 հոգի, դա այն առավելագույնն է, որ օրենքը թույլ է տալիս: Ցուցակի առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անձամբ էր ընտրատարածքային հանձնաժողով եկել: Ասաց՝ ամեն քաղաքական ուժի ու նրանց հետևում «թաքնված թեկնածուներին» գյումրեցին մարտի 30-ին իր գնահատականը կտա քվեարկությամբ:
«Հստակ գյումրեցիները միշտ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին իրենց գնահատականները տվել են, կարծում եմ, ոչինչ և ոչ ոք չի մոռացել, մեր քաղաքացիների հիշողությունները թարմ են ու իրենց ճիշտ գնահատականը կտան: Կարևոր է, որ անպայման մասնակցեն ընտրություններին», - ասաց Մինասյանը:
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը 2-րդ է առաջադրվող ավագանիների թվով՝ 57 հոգի: Ցուցակը գլխավորում է գործարար անկուսակցական Կարեն Սիմոնյանը: Վերջինս Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ է ընտրապայքարի մեջ մտնում, ինչը քննադատել են մրցակիցները, թե տեղական իշխանության տիրույթում չէ:
Վերջինս հակադարձեց ընդդիմախոսներին. - «2019 թվականի իրենց նոր եկած թարմ ուժերով ժամանակահատվածում եթե իրենց չի հաջողվել այդ ծրագիրը կյանքի կոչել, ուրեմն կամքի բացակայություն է եղել, մոտիվացիայի բացակայություն է եղել, չեն ունեցել տեսլական Գյումրի քաղաքի զարգացման ու մեր թիմի նախաձեռնած ստորագրահավաքը հենց դրան էր միտված, որ գյումրեցին պահանջատեր լինի, ոչ թե թողնի մի քանի քմահաճույքին, այլ ինքը նախաձեռնի ու պահանջատեր լինի: Ավագանին այստեղ ընդամենը տանում է ուղերձի տեսքով հայտարարելու պարտավորությունը»:
Առաջադրվելուց հետո միայն պարզ դարձավ, թե ի վերջո ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քաղաքական որ ուժերի հետ է դաշինք կազմել: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և հանրությանը ոչ այնքան հայտնի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից ձևավորված «Մեր քաղաքը» դաշինքով է առաջադրվել գյումրեցի պատգամավորը:
Եվրոպամետ 3 ուժերի ձևավորած «Եվրադաշինքը» 25 հոգանոց ցուցակով եկավ ընտրատարածքային հանձնաժողով: Քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է: 4-րդ անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող Բարսեղյանը համեմատում է, թե 12- թվականից ի վեր ընտրապայքարի մեջ ինչ է փոխվել:
«Որակական շատ տարբերություն կա. 12-ին ու 16 թվականին ընտրակաշառքի զանազան ձևերի, վարչական ռեսուրսի չարաշահման, ճնշումների, ընտրակեղծիքների հրավառություն է եղել Գյումրիում, ինչպես եղել են Հայաստանի բոլոր համայնքներում ու համապետական մասշտաբով: Այդ խախտումների, կեղծիքների ծավալը շեշտակի ընկած է եղել 21 թվականին, հիմա դեռ ինչ-որ ահազանգեր ունենք, բայց չեմ համարձակվի առայժմ հայտարարել, որ ընտրակաշառքի մոդիֆիկացված ձևեր են կիրառվում, հենց ունենք ճշգրիտ տեղեկություններ, դրանք կհաղորդեմ», - նշեց նա:
Ավելի վաղ իրենց ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով էին տարել «Իմ հզոր համայնքն» ու Կոմկուսը, որի ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Ընտրություններին հայտ ներկայացրին նաև «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք», Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը: Ընդհանուր առմամբ 373 թեկնածու կպայքարի 33 մանդատ ունեցող Գյումրիի ավագանու կազմում ընդգրկվելու համար: