Մատչելիության հղումներ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, օդային շարժը մտահոգում են Հայաստանի ԱԽ քարտուղարին


Ադրբեջանից հնչող հայտարարությունները, զորավարարժություններն ու օդային շարժը մտահոգում են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին:

«Մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, բացի դրանից տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու», - նշեց Արմեն Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը մտահոգվելուց բացի. - «Մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում»:

Կայունություն ստեղծելու կառավարության ջանքերից խոսելով՝ Արմեն Գրիգորյանը հատկապես կարևորում է Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին: ԱԽ քարտուղարը հույս ունի՝ Բրյուսելը կերկարաձգի նրանց տեղակայման ժամկետը, որ լրանում է մի քանի օրից: Եվրամիությունից չեն բացառել երկարաձգումը:

«Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են: Մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առում, նաև երևի տեսել եք Արտաքին հետախուզության զեկույցը, որն այսօր է հրապարակվել, մեր գնահատականները դրա շրջանակում են», - ընդգծեց նա:

Վարչապետ Փաշինյանին ենթակա Արտաքին հետախուզության ծառայությունը ստեղծվելուց հետո առաջին զեկույցն է հրապարակել Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների մասին: Չնայած Ադրբեջանի սպառնալից հայտարարություններին ու չդադարող պահանջներին, թուրք - ադրբեջանական պարբերական զորավարժություններին, Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցի գնահատմամբ՝ այս պահին Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չէ:

Գեղամ Մանուկյանը կասկածում է, որ վերլուծությունը համակողմանի ու խորը տեղեկությունների հիման վրա է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին զայրացրել է այս ձևակերպումը: Կասկածում է, որ վերլուծությունը համակողմանի ու խորը տեղեկությունների հիման վրա է:

«Զեկույցի ողջույնի խոսքերից հետո կարևոր արտահայտություն կա՝ ծառայության կանխատեսումն է ծառայության գնահատականի վրա: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ունի հետախուզության գլխավոր վարչություն, Ազգային անվտանգության ծառայությունն ունի հետախուզության գլխավոր վարչություն, որովհետև օրենքով ամբողջությամբ արտաքին հետախուզությանը չի անցել, Արտաքին գործերի նախարարությունը, որևէ մեկն այս զեկույցի պատրաստմանը չեն մասնակցել, համաձայն ծառայության», - նշեց Մանուկյանը:

Չնայած լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չեն գնահատել, բայց խաղաղության պայմանագրի ու Ադրբեջանի հետ ներպետական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանին լոկալ լարվածություն, էսկալացիայի ռիսկ կանխատեսում են: Ըստ Արտաքին հետախուզական ծառայության՝ այդ լոկալ սրացումները կարող են նվազեցվել սահմանազատումը շարունակելով: Գեղամ Մանուկյանը այս ձևակերպումներից եզրահանգում է, որ Փաշինյանի կառավարությունը արդարացնում է իր հետագա զիջումները, որ կոչում է սահմանազատում:

«20 թվականի նոյեմբերի 9-ից հետո սպառնալիքների պատրվակով պարբերաբար զիջել է, չի եղել որևէ հարց, որտեղ միլիմետր անգամ հայկական կողմի շահն առաջընթաց արձանագրի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արտաքին վտանգների մասին հանրությանը իրազեկող այս կառույցի զեկույցում Թուրքիայի մասին մեկ նախադասությամբ է հիշատակվում, զայրանում է ընդդիմադիր պատգամավորը, մինչդեռ Թուրքիան տարածաշրջանի առանցքային դերակատարներից է ու Հայաստանի հետ հարաբերությունները մշտապես պայմանավորում է իր դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերություններով, պաշտպանում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը:

«Միակ տեղը, որտեղ Թուրքիա բառ կա, Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, տարանցիկ հնարավորությունների ամբողջականությունն է», - ընդգծեց Մանուկյանը:

Ըստ զեկույցի, Ադրբեջանն այս տարի կշարունակի սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու քաղաքական որոշումից մինչև մարտական գործողության մեկնարկի ժամանակահատվածը: Ադրբեջանն անցնելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների, նոր զենք ձեռք բերելուն, ռազմական ենթակառուցվածքները թարմացնելուն:

Արտաքին հետախուզության ծառայության կանխատեսումները հրապարակելուց մեկ օր առաջ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել, որը գլխավորել է Գլխավոր շտաբի պետը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ քննարկել են Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի կառավարման, բարոյահոգեբանական վիճակին վերաբերող հարցեր: Գլխավոր շտաբի պետը բանակի պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG