Հայաստանը տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցում կվերադառնա՞ նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու դրանից բխող եռակողմն պայմանավորվածություններին, թե՞ գործընթացը պատկերացնում է միայն «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությամբ:
«Քաղաքացիական պայմանագրի» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բանակցությունների ֆորմատի վերաբերյալ որևէ բան չի բացառում՝ կարևորն, ասում է, հարգանքն է պետությունների ինքնիշխանության նկատմամբ:
«Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, «Խաղաղության խաչմերուկում» մեր առաջարկներին, կարծում եմ, դրանք էդքան էլ իրարից չեն տարբերվում, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ տարածքի մասին, ինչպես չկա «Խաղաղության խաչմերուկում»: Մենք խոսում ենք տարածքների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո», - ասաց Հովհաննիսյանը:
Մոսկվան պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահները։ Վարչապետ Փաշինյանը մինչդեռ հակադարձում է՝ եռակողմ հայտարարությամբ այդ գործառույթը Հայաստանին է վերապահված:
Երկու օր առաջ Մոսկվայում իր հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը շեշտել էր, թե 2020-21 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների տարածաշրջանային ապաշրջափակման հարցում ձեռք բերած պայմանավորվածությունները արդիական են: Արարատ Միրզոյանը հակառակը չէր նշել, բայց ընդգծեց Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևորությունը: «Քաղաքացիական պայմանագրում» համաձա՞յն են, որ Լավրովի հիշատակած պայմանավորվածությունները դեռ արդիական են:
«Փաստաթղթի մեջ մի շարք արձանագրումներ և պայմանավորվածություններ կան, որոնք հողի վրա այլևս գոյություն չունեն և չեն էլ կարող ունենալ, հետևաբար ամբողջությամբ՝ ոչ: Մասնակի առումով միգուցե քննարկենք որոշ հարցեր», - նշեց Արթուր Հովհաննիսյանը:
2020-ից հետո ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններն ընթանում էին հայ-ադրբեջանա-ռուսական ձևաչափով՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության: Հրապարակային տարաձայնությունը՝ Երևանի և Բաքվի միջև էր: Ադրբեջանական կողմը խոսում էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, Երևանը դա համարում էր կարմիր գիծ:
«Իշխանության «Խաղաղության խաչմերուկը» այդպես էլ չի հայտնվում բանակցային սեղանին»
Արցախի անկումից հետո հայկական կողմը դադարեցրեց համագործակցությունն այդ ձևաչափում՝ օրակարգ բերելով «Խաղաղության խաչմերուկը»: Եթե այժմ Մոսկվան և Բաքուն շարունակում են հիշեցնել նոյեմբերի 9-ի մասին, այդ ձևաչափին չվերադառնալը Երևանի համար արդյոք վտանգներ պարունակո՞ւմ է:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ուղիղ չի ասում, փոխարենը շեշտում է՝ իշխանության «Խաղաղության խաչմերուկը» այդպես էլ չի հայտնվում բանակցային սեղանին:
«Եթե իշխանությունները տրանսպորտային ապաշրջափակում ձևակերպումը կամ տրամաբանությունը կառուցում են այդ ուղղով, ապա իրենց ոչ մեկը բանի տեղ չի դրել, որևէ ձևաչափում՝ հայ-ադրբեջանական կամ որևէ միջնորդական, որևէ միջազգային հարաբերությունների կամ բանակցությունների ընթացքում դա քննարկվող փաստաթուղթ չի եղել», - ընդգծեց Մամիջանյանը:
«Փաշինյանի և նրա թիմի գործողությունները մի նպատակի են ծառայում՝ պահպանել իրենց իշխանությունը»
Նույն հարցի շուրջ խորհրդարանի մյուս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ևս ընդհանրական է խոսում՝ պնդելով, թե վարչապետի Փաշինյանի և նրա թիմի գործողություններն ու որոշումները մի նպատակի են ծառայում:
«Էն, ինչ որ անում է այսօրվա իշխանությունը թե՛ նոյեմբերի 9-ին պայմանավորված պարտավորությունների կամ իրավունքների իրացման անկարողականության դրսևորմամբ, թե՛ եվրոպական հատվածի հետ հարաբերությունների շրջանակներում, հիշում եք, չէ՞, Միշելի հետ ինչ երկաթյա պայմանավորվածություններ էին ձեռք բերում, ո՞ւր են դրանք հիմա, թե՛ նաև ձևական, կեղծ հայտարարություններ անելով մի նպատակ հետապնդելով՝ առավելագույնս պահպանել իրենց Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում, կարևոր չէ, թե ինչ փոքր տարածքի մասին է խոսքը գնում, էդ տարածքում իրենց իշխանությունն ու ներխմբային անվտանգությունը», - նշեց Մինասյանը:
Ի՞նչն է խոչընդոտում «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը, այսօր իշխանական Արթուր Հովհաննիսյանը հարցին չանդրադարձավ, բայց վստահեցրեց՝ տարբեր հարթակներում հարցը քննարկվում է:
«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով, մենք զրուցում ենք մեր Ռուսաստանի գործընկերների հետ իրենց հարթակում, մեր ԵՄ գործընկերների հետ ենք քննարկումների մեջ: Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ ենք քննարկումների մեջ, տարբեր միջազգային հարթակներում, երբ որ ներկա են ադրբեջանցի պաշտոնյաներ, հանդիպումներ են տեղի ունենում: Այսինքն՝ քննարկումները բազմակողմանի են տեղի ունենում», - ասաց Հովհաննիսյանը:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցելու մասին տարբեր երկրներ են հայտարարել, բայց դրա իրականացման համար առաջին հերթին պետք է Ադրբեջանի և Թուրքիային սահմանները բացվեն, մինչ օրս Անկարայից և Բաքվից Հայաստանի կառավարության այդ նախաձեռնության վերաբերյալ հրապարակային դիրքորոշում չի հնչել: Ավելին՝ ադրբեջանական կողմը շարունակում է միջանցք պահանջել: