Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե ռուսական հեռուստատեսության եթերում «Զանգեզուրի միջանցքի» մասին լրագրողի խոսքերին Հայաստանի «անհարկի էմոցիոնալ բացասական ռեակցիան տարակուսանք է հարուցում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի է:
«Անկեղծ ասած, այդ ռեակցիան տարակուսանք է հարուցում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտությունների մասին է: Մենք միշտ լսել են Երևանից, որ Հայաստանը նվիրված է խոսքի ազատությանը, առավել ևս ներկայիս հայաստանյան ղեկավարությունն այն իր համար հրամայական է դարձրել: Դա՝ նախ և առաջ, և երկրորդ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին, դրա էությունը մենք քանիցս հնչեցրել ենք», - հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համալիր ապաշրջափակման օգտին՝ բարձր մակարդակում եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա:
«Առաջին հերթին խոսքը ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մասին է», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ շարունակելով. - «Այնտեղ ամեն ինչ հնարավորինս պարզ նշված է. տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը; Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով; տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները; կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
«Հենց այդպիսի տրամաբանություն է ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում», - պնդել է Զախարովան՝ վստահեցնելով, որ աշխատանքային խումբը նշանակալի հաջողությունների էր հասել, սակայն դրա աշխատանքը կանգ է առել «հայկական կողմի վրա արևմտականների դեստրուկտիվ ազդեցության հետևանքով»:
«Եռակողմ խմբում երբեք խոսք չի եղել Հայաստանում ինչ-որ արտատարածքային միջանցքների մասին։ Հակառակը՝ պայմանավորվածություն կար, որ կողմերն ինքնիշխանություն և իրավազորություն ունեն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ», - վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նախօրեին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի հայտագիր: Ըստ պաշտոնական Երևանի՝ հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։