Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։

Հանդիպման ընթացքում, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։

Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և կարևորել ԱՄՆ դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով Հայաստանի Կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։

Սենատորը և կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը և ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG