Մատչելիության հղումներ

Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա. Փաշինյան

Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ բոլոր նախադրյալները ստեղծված են խաղաղության համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրել իր հոդվածում: Նա վերլուծել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հանգել այսպիսի եզրակացության, ապա դիմել Բաքվին:

«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից ու հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից», - նշել է վարչապետը:

Թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը բեմականացված գործողություններ ասելով, չի բացատրում, բայց հոդվածում կենտրոնանում է Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերման ու նպատակների, Բաքվի ագրեսիվ հռետորաբանության վրա, անդրադառնում Ադրբեջանում ընթացող հայերի դատավարությանը՝ առաջին անգամ այն որակելով «թատերականացված»: Նա եզրակացնում է, որ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում: Իսկ այս իրավիճակից լուծումն, ըստ վարչապետի, սեղանին է:

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանն առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ձախողել է արտաքին քաղաքականությունը, պնդում է ընդդիմությունը

Խաղաղության պայմանագրի հայկական վերջին խմբագրումը Երևանը Բաքվին է փոխանցել շուրջ երեք ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն այս, այլև ապաշրջափակման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկներին դեռ չի պատասխանել: Ընդդիմությունից կարծում են՝ դրական արձագանք չի էլ լինի: Փաշինյանը, պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ, ձախողել է արտաքին քաղաքականությունը, ասում է՝ այդ մասին է նաև նրա գրած հոդվածը:

«Փաշինյանն ասում է՝ ինչ ուզել եք, տվել ենք, էլ ի՞նչ ենք ուզում, պատրաստ ենք ամեն ինչ զիջել, որովհետև Ադրբեջանն անկախ այս իշխանությունների հավաստիացումներից, թե բարի կամքով, կառուցողական ոճով բանակցում ենք, դեպի խաղաղություն ենք գնում, Հայաստանին սպառնում է պատերազմով», - պնդեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը:

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ չորրորդ ամիսն է՝ չկան: Բաքուն այս ընթացքում պայմանագրի ստորագրման համար նախապայամաններից չի հրաժարվում, ավելացնում է նաև պահանջները: Արդյոք գործընթացը փակուղում է, և վարչապետ Փաշինյանն էլ հոդվածում հնարավոր էսկալյացիայի մասին էր ակնարկում, խորհրդարանի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հարցերն անպատասխան է թողնում:

Հայաստանի պաշտոնյաները վերջին երկու շաբաթը չեն թաքցնում՝ անհանգստացած են Բաքվում ընթացող հայերի դատավարություններով: Մոտ տասն օր առաջ Ազգային ժողովի նախագահն էր նշել՝ Ադրբեջանը հնարավոր է հարցն օգտագործի և բանակցային սեղանին նոր պահանջներ հայտնվեն: Խորհրդարանական ընդդիմությունից վստահ են՝ ցուցմունքներ կորզելուց հետո առնվազն նոր հայցեր ընդդեմ Հայաստանի կներկայացվեն:

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց՝ նույն կերպ Բաքուն վարվեց անցած գարնանը, երբ հայտարարեց, թե Արայիկ Հարությունյանը բանտում հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին, անգամ անոնսը հրապարկվեց: Զուգահեռ հնչեց չորս գյուղերը վերադարձնելու պահանջ, Հայաստանը համաձայնեց, իսկ հարցազրույցն այդպես էլ չհրապարակվեց:

«Ես կարծում եմ, որ լինելու են նոր պահանջներ, և այդ պահանջների համար Ադրբեջանը կեղծ «հիմք» է սարքում դատական պրոցեսի ընթացքում», - ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հոդվածում հերթական անգամ պնդել է՝ Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունի, անգամ 200 քառ կմ օկուպացված հատվածները վերադարձնելու համար:

XS
SM
MD
LG