Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի վարչապետի հայտարարությունները


Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որ Բաքվում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում:

Այս և Նիկոլ Փաշինյանի երեկվա հոդվածում եղած այլ հայտարարություններ Բաքուն անվանել է «իրականության խեղաթյուրում»: ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն իր արձագանքում կրկին մեղադրել է Հայաստանին սպառազինություններ ձեռք բերելու համար, ապա կրկնել Բաքվի տեսակետը, թե Հայաստանի Սահմանադրությունում «տարածքային նկրտումներ կան» Ադրբեջանի նկատմամբ:

Հայաստանը՝ ամենաբարձր մակարդակով, բազմիցս է հայտարարել, որ Երևանը տարածքային պահանջներ չունի հարևանների նկատմամբ:

Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ բոլոր նախադրյալները ստեղծված են խաղաղության համար, գրել է վարչապետն իր հոդվածում: Նա վերլուծել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հանգել այսպիսի եզրակացության, ապա դիմել Բաքվին:

«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից ու հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից», - նշել է վարչապետը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարության մեջ նաև շեշտել է, որ «պարտավորությունների կատարման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կոմունիկացիոն կապերի բացման ոլորտում, Հայաստանը ուշադրությունը շեղում է այդ գործընթացից»։ Նա նշել է, թե «Հայաստանի կողմից գործնական նշանակություն չունեցող առաջարկները հանգեցնում են թյուրիմացությունների»:

Ադրբեջանի նախագահը շարունակում է պահանջել Հայաստանից ճանապարհ, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին, ու այն լինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանի վարչապետը պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տարածաշրջանային ապաշրջափակման Երևանի առաջարկներին Բաքուն մոտ երեք ամիս է՝ չի պատասխանել:

Նիկոլ Փաշինյանը երեկվա հոդվածում նաև գրել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը:

XS
SM
MD
LG