Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ: ՄԻՊ հայտարարության համաձայն՝ նրանք քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր:
Անահիտ Մանասյանն ու Դաֆնե Մարեն անդրադարձել են միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:
«Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը», - նշված է հայտարարությունում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։ Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։