Մատչելիության հղումներ

Արցախում բենզինի պահեստի պայթյունի զոհերի հարազատները դարձյալ խնդրում են պետությանը անդրադառնալ իրենց խնդիրներին


2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունը Արցախում
2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունը Արցախում

«Գոնե զոհվածի կարգավիճակ տան, որ մի ձև գոյատևենք», - ասում են նրանք։

2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստի պայթյունի զոհերի հարազատները պետական կառույցներից ստացած բազմաթիվ մերժումներից հետո դարձյալ խնդրում են կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ իրենց խնդիրներին: Պայթյունից զոհված 219 և անհետ կորած 22 անձանց հարազատները նշել են, որ «առայսօր կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել իրենց ընտանիքներին կարգավիճակ տալու, օգնելու և սատարելու համար»։

«Մեծ մասը այնտեղ տղամարդիկ էին, մենք կերակրող նք կորցրել»․ - Նոնա Միրզոյանն այդ չարաբաստիկ օրը կորցրել է ամուսնուն ու 14-ամյա տղային, որ գնացել էին բենզինի հետևից՝ բազմանդամ ընտանիքը Հայաստան հասցնելու համար: Տեղահանմանը սպասող Նոնան երեք երեխաների հետ արդեն երեկոյան իմացել է ողբերգության մասին ու մի կերպ Հայաստան հասել:

«Էդքան մարդ մի օրում, էդքան փոքր երեխաներ 14 տարեկանից սկսած, մենակ իմ տղան չէր 14 տարեկան, էլի կային, կային հայր-որդիներով, երկու եղբայրներով, մի ընտանիքից չորս տղամարդ՝ զոհվեցին մի օրում, ու էդքանը մենք բերեցինք ստեղ, հուղարկավորեցինք», - «Ազատությանը» պատմեց կինը։

Կառավարությանն ուղղված հերթական բաց նամակում զոհվածների հարազատները նշել են. - «Անցել է արդեն ավելի քան մեկ տարի այն օրից, երբ մեր հարազատները դարձան այդ սարսափելի ողբերգության զոհերը, բայց շարունակում ենք մնալ անորոշ իրավական կարգավիճակում՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։ Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմին, Պաշտպանության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։

Արցախցի Ալյոնա Գրիգորյանի ամուսինը Պաշտպանության բանակի 27 տարվա զինծառայող է եղել, թոշակի անցնելուց հետո՝ 23 թվականից աշխարհազորի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետն էր: Դեռ անցած տարվա ամռանը Ալյոնան դիմել ու պետական մարմիններից պատասխան էր ստացել, թե «բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու համարվել չեն կարող, քանի որ նրանց հարազատները չեն զոհվել մարտական գործողությունների ժամանակ կամ հակառակորդի գործողությունների հետևանքով»:

«Ինչ մնացած, սովորական, որ իրանց հարազատներով եկել են, իրանց ոչ մի բան չի եղել, նույն ձևով էլ մենք՝ էդ 50-ներն ենք ստանում, մեկ էլ կերակրողի կորցնողի գումար ենք ստանում; Դե էդ էլ նենց մեծ գումարներ չի, էլի, որ մենք կարողանանք և՛ վարձ տանք, և՛ երեխաների պահենք էս վիճակում», - «Ազատությանն» ասաց Ալյոնան։

Նույն օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ գրել են, թե զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում փոփոխությունների հարցը դուրս է իրենց լիազորությունների շրջանակներից: Նույնն այսօր հայտնեցին «Ազատությանը»:

Ալյոնա Գրիգորյանը շեշտում է՝ պայթյունը տեղի է ունեցել ռազմական դրություն հայտարարած երկրում, Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ - «Հենց պատերազմական գործողությունները վերջանում ա, աշխարհազորայինը դառնում ա սովորական քաղաքացի։ Բայց իմ հարցին՝ ո՞վ է հրաման տվել կամ հրաման արձակել, որ պատերազմը ավարտված է և այդ մարդիկ այլևս չեն համարվում զինծառայող, ոչ մեկը չի կարողանում պատասխանի։ ․․․ Նման հրաման չկա, որ պատերազմական գործողությունները ավարտվել են արդեն։ Հասկանո՞ւմ եք՝ էն ձևի քաոսային վիճակ է եղել, որ ամեն մեկը մի կերպ իր գլխի ճարն էր տեսնում, էլ ուր մնաց, որ, ասենք, ինչ-որ մեկը ինչ-որ մի հրաման գրեր բանավոր կամ առավել ևս գրավոր։ Նման բան չկա»։

Արդյո՞ք օրենսդրական փոփոխություն կարվի այս ընտանիքներին որոշակի կարգավիճակ տալու, նրանց նույնպես ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիք համարելու և համապատասխան աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար:

«Հիմա մեր նպատակը էն ա, որ մենք, ինչ-որ մի կարգավիճակ տան, գոնե զոհվածի կարգավիճակ տան, որ մենք կարողանանք ․․․ ապրուստի ձև ա, էլի, չգիտեմ, մի ձև գոյատևենք։ Որ հենց նենց չլինի, որ, վսյո, գնացին էդքան մարդիկ, պայթեցին, վերջ, էլ չկան նրանք։ Նույնիսկ ոչ մեկը էդ դեպքից էլ չեն մի ինչ-որ ցավակցական խոսք ասել, էդ էլ ա մեր համար շատ ծանր, որ ո՛չ մեր կառավարությունը Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետության կառավարությունից ոչ մեկը ցավակցական մի խոսք նույնիսկ չէր ասել։ Էդ թե ինչ կլինի էդ ընտանիքների վիճակը», - ասաց Ալյոնա Գրիգորյանը։

Դեպքից մեկուկես տարի անց զոհերի հարազատները բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն․ - « Ո՞վ ա պատասխանատուն, ինչի՞ ա այդքանը տեղի ունեցել, ո՞ւմ մեղավորությամբ։ Դե ամեն անգամ տենց տարբեր բաներ են մեզ պատասխանել՝ մեկը մեկի վրա գցելով», - ասաց Նոնա Միրզոյանը։

Բենզինի պահեստի պայթյունի փաստով հարուցված քրեական վարույթում դեռ առաջընթաց չկա: Նոնա Միրզոյանն ասում է՝ միայն հարցաքննվել են, բայց որևէ հույս, թե մի օր ողբերգության պատճառների մասին հստակ տեղեկություններ կունենան, չկա․ - «Մի տարի ա անցել, մի մասին սկզբից են կանչել հարցաքննության, տուժող կողմ ճանաչել, մի մասին էլ էս քանի օրերն են տենց կանչում՝ զոհվածների հարազատներին, ու դեռ քննության մեջ ա, իրանք ասում են՝ «մենք չենք կարող գնալ էդ վայրը, որպեսզի իմանանք ինչից ա եղել, ոնց ա եղել»։ Դե հասկանալի պատճառով՝ ո՞նց գնան էնտեղ»։

Հայկական Արցախի վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով նաև 300 հոգի վիրավորում էր ստացել։



XS
SM
MD
LG