Ինչպե՞ս է նկարահանվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ու քեռակնոջը վերագրվող ինտիմ տեսանյութը, ովքե՞ր են տարածողները. շաբաթներ անց որևէ հարցի պատասխան չկա: Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ տեսանյութը փորձաքննության չի ուղարկվել:
Փորձաքննություն նշանակվում է, երբ անձը հերքում է, որ կադրերում ինքն է: Արշակ սրբազանը թեպետ հրապարակավ հերքել էր՝ «շահագրգիռ անձանց հղելով իր արհամարհանքն ու քմծիծաղը», բայց ստացվում է, որ մինչև այժմ նա Քննչական կոմիտե չի էլ հրավիրվել: Քննիչների փոխարեն գործի են անցել Մայր Աթոռի միաբանները: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ այստեղ հանձնախումբ է ձևավորվել:
«Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ», - փոխանցել էին Մայր Աթոռից:
«Ազատության» տեղեկությամբ՝ հանձնախմբում Մայր Աթոռի 7 միաբաններ են: Նրանց հետ, սակայն, կապ հաստատել չկարողացանք: Հոգևոր վերնախավը այս փուլում զերծ է մնում նույնիսկ Մայր Աթոռի տարածքում զբոսնելուց: Միայն Ասողիկ աբեղա Կարապետյանին հանդիպեցինք, նա բոլոր հարցերին ի պատասխան նույնն ասաց՝ Մայր Աթոռը արդեն ասել է:
«Ազատությունը», սակայն, խոսել էր հոգևորականների հետ, որոնք Էջմիածնի պաշտոնականից տարբերվող տեսակետ էին հայտնել, այսինքն՝ կան այդպիսի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ: Մայր Աթոռից առայժմ հերքում են, թե նրանք Վեհափառին առաջարկել են հեռանալ. «Մամուլում Վեհափառ Հայրապետի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է»:
Դեռ կան հոգևորականներ, որ լարվածության այս փուլում երկխոսության են սպասում:
«Ես առավել քան վստահ եմ, որ երկխոսություն լինելու, ինչպիսին կլինի այդ երկխոսությունն, ինչ արդյուքներով, ինչ հանգուցալուծումով, հարցի մյուս կողմն է», - ասում է Մայր Աթոռի սոցիալական ծառայության պատասխանատու Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Երկխոսություն միայն կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, այս կարծիքին են իշխանականները՝ ի տարբերություն Տեր Մարկոս քահանայի. «Մենք այդպես չենք պատկերացնում, մեկը ես այդպես չեմ պատկերացնում»:
Արդյոք հոգևոր վերնախավում կա՞ն միաբաններ, որ Փաշինյանի պես Վեհափառին հեռացնել են ուզում, ամուսնացյալ քահանան ասաց՝ չգիտի, և ուրախ է, որ չգիտի:
Օրեր առաջ Հայաստանի վարչապետը տարակուսանքով արձանագրեց՝ կաթողիկոսին հեռացնելու իր օրակարգը, ավելի կոնկրետ Վեհափառը աղջիկ ունի՞, թե՞ ոչ հարցը մարդկանց չի հետաքրքրում:
Կաթողիկոսի ու սրբազանների կուսակրոնության նրբությունները, մեր հարցումն էլ ցույց տվեց, մարդկանց չի հետաքրքրում: Նույնիսկ նրանց, որ դեմ չեն, որ կաթողիկոսն իջնի գահից:
Վեհարանը՝ Վեհին օպերացիան շարունակվում է արդեն 5.5 ամիս: Էջմիածնում հոգևոր հավաքը, որի ճնշմամբ կաթողիկոսը պիտի հեռանար, կարծես թե չեղարկել է Փաշինյանը: Նա այժմ իրեն աջակցած մի քանի կարգալույծ ու գործող քահանաների ծեսերի ջերմեռանդ մասնակից է: Հատիկ առ հատիկ անցնում է եկեղեցիներով՝ Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին: Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղի եկեղեցում կծնկի: