Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Նիստերը վարել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները: Արձանագրվեց նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին»:
Խորհուրդը վերստին կոչ է արել իրավապահ մարմիններին «հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց»։
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է նաև գերիների հարցի նկատմամբ շարունակական ուշադրության և համակարգված քայլերի անհրաժեշտությունը. «Վերահաստատվեց Եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր Եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր՝ «Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա»:
«Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում, որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնված անձը և եկեղեցին նույնական են, գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը հրաժարական է տվել և գնացել: Դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է, ո՛չ, չի փլուզվել», - ասել էր Փաշինյանը: