«Բաղնիք, ննջարան, և այլն, և այլն ... »: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին ենթակա Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է, թե ինչպես են մարդու անձնական կյանքի ինտիմ մանրամասները տեսանկարահանվել ու տարածվել համացանցում: Հարցն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ուղղեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Ըստ Մինասյանի՝ եթե այդ տեսանյութը նկարահանել է ԱԱԾ-ն , ապա այդ կառույցը պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե տեսանյութը ԱԱԾ-ի ձեռքի գործը չէ, սա էլ նշանակում է, որ իրավապահ այդ կառույցն ուղղակի իր տեղում չէ:
«Միանշանակ դատապարտում եմ և՛ հրապարակումը, և՛ տարածումը», - արձագանքեց Արայիկ Հարությունյանը, - «Ես կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակնում անում է՝ պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել»:
Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը պնդեց՝ չի դիտել այդ տեսանյութերը, բայց և կոչ արեց իշխանության քննադատության թիրախում հայտնված Արշակ սրբազանին` դիմել իրավապահներին:
«Իմիջիայլոց, ես որևէ տեսանյութ կամ նյութ սրա հետկապված նույնիսկ չեմ բացել՝ բացի վերնագրերը տեսնելուց: Ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը դիմած կլինի իրավապահներին», - ասաց Հարությունյանը:
Դատախազությունը տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է Քննչական կոմիտե
Իրավապահներին, մասնավորապես՝ Գլխավոր դատախազությանը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոչ թե Արշակ սրբազանը, այլ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Հաղորդման մեջ նշվել էր՝ հոկտեմբերի 25-ին տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է տեսանյութ և կից տեքստ, որից պարզ է դառնում, որ գաղտնի կերպով տեսանկարահանվել է Արշակ սրբազանի անձնական կյանքը՝ ինտիմ մանրամասներով: Կազմակերպությունը պահանջել էր քրեական վարույթ հարուցել մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունը առանց նրա համաձայնության օգտագործելու և տարածելու հիմքով:
Դատախազությունը այդ հաղորդումը միայն չորս օր անց՝ այսօր ուղարկեց Քննչական կոմիտե: Կոմիտեն առաջիկայում պետք է որոշի՝ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասով քրեական վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ:
«Միանշանակ, պետք է համապատասխան մարմինները և ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար», - ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Ի դեպ, թեև ՔՊ-ականները վերջին օրերին դատապարտում են անձամբ վարչապետի սուր քննադատության թիրախում հայտնված Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածումը, սակայն ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում հարց բարձրացրեց, թե լուրեր են շրջանառվում, որ տեսանյութի տարածման ետևում հենց վարչապետի աշխատակազմում աշխատող անձինք են:
«Տարբեր ասեկոսեներ կան, մասնավորապես՝ կապելով հենց Ձեր աշխատակազմում աշխատող առանձին անձանց մասով, եթե դա իրականություն չէ, հստակ արձանագրենք, որ իրականություն չէ, կամ եթե կա բացահայտում, ապա հրապարակենք, և էդ հրապարակման հետևից պետք է գնան կոնկրետ նաև մարմինները», - ասաց դաշնակցական պատգամավորը:
«Հնարավոր կապերի, առնչությունների մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ, եղել են բազմաթիվ հերքումներ», - արձագանքեց Հարությունյանը:
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում ևս Արայիկ Հարությունյանը պնդեց՝ իրենց իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի:
Նկատենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցի-իշխանություն դիմակայության շրջանակներում դեռևս հունիսին անձնապես էր թիրախավորել էր Արշակ սրբազանին՝ նրան անվանելով «պոռնկաբարո». - «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»:
«Խռովարարներին պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել». Մայր Աթոռ
Սկանդալային տեսանյութի տարածման ֆոնին, վարչապետ Փաշինյանը շարունակում է թարմ պահել Կաթողիկոսից ազատվելու թեման: Այսօր վաղ առավոտյան նա կրկին պնդեց՝ կուսակրոնության ուխտը խախտած Ամենայն Հայոց կաթողիկոսը կարգալույծ է համարվում և հետևաբար չի կարող կարգալույծ անել Հովհաննավանքին քահանային:
«Հետևաբար, Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում և ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհաննավանքում մասնակցելու եմ Սուրբ և Անմահ Պատարագին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մայր Աթոռը նախկին քահանայի մատուցած պատարագն անօրինական ճանաչելով, երեկ դարձյալ հիշեցրել էր՝ Ստեփան Ասատրյանն իրավունք չունի լինել եկեղեցու խորանում, դիպչել եկեղեցու սպասքին, Սուրբ Ավետարանին և այլն:
Հայ Առաքելական եկեղեցին հիշեցնում է իր Կանոնագիրքը, ըստ որի՝ «եկեղեցուն չենթարկվող խռովարարներին պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»: