Մատչելիության հղումներ

«Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը նախ թող քննի իր անդամների կարգապահական հարցերը». Տեր Տարոն քահանա


Մայր Աթոռի դիվանատանը կարգապահական հանձնախումբը այսօր պիտի քններ Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը։ Քահանան պիտի բացատրություն տա ինչո՞ւ է ծառայության վայրը ինքնակամ լքել, մասնակցել Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ քահանայի, Մայր Աթոռի բառով, բեմականացված արարողությանը և ընդհանրապես ինչո՞ւ է հակաեկեղեցական հայտարարություններ անում։

Նիստին ուշացումով հասած քահանան ի սկզբանե մտադիր չէր այս հարցերին պատասխանել. «Ես կգնամ, կմտնեմ ներս, կտեսնեմ ովքեր են եկել ինձ քննելու և իմ որոշումը կկայացնեմ»։

Տեսնելու բան չկա, Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի կազմը անփոփոխ է ու տեղադրված պաշտոնական կայքում։ Ատենապետն էլ հետը հինգ հոգանոց խումբ է, նրանց թվում Արշակ և Նաթան սրբազաններն են։

Քահանան ակնարկում է՝ մամուլում շոկի ենթարկող տեղեկություններ կան, նրանց ի՞նչ հաշիվ տա. «Այդ մարդկանց հետ թե՛ իմ անձնական, թե՛ իմ ծառայական, թե՛ քրիստոնեական, թե՛ բարոյական որևէ հարցեր քննարկելու... քննարկելու բան չունեմ»։

Դիվանատուն մտավ ու կարճ ժամանակ անց դուրս եկավ Տեր Տարոն քահանան, իրենն ասել է, օրինակ, սկզբում պահանջել են առանց հեռախոսի մասնակցել քննարկմանը բոլորի պես, մերժել է. «Ինչո՞ւ է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ՝ հեռախոսը թողնել»։

Հեռախոսով մտել, հեռախոսով դուրս է եկել, հասցրել է ասել ինչ մտածում է. «Ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը»։

Իսկ Հայ առաքելական եկեղեցու հարյուրավոր հոգևորականների մեջ կա՞ մեկը, որ կարող է քննել Տեր-Տարոն քահանայի վարքը, այս հարցի պատասխանը չուներ։ Ամեն դեպքում ասում է՝ այս կազմը իր կարգալուծության և ընդհանրապես վարքը քննարկելու իրավունք չունի։

«Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու», - հայտարարեց նա։

Արդյոք քահանայի կարգալուծության հարցը վրա է հասել եկեղեցական բարքերը հրապարակային քննադատելուց ու Ստեփան Ասատրյանի հետ խորան բարձրանալուց հետո։ «Տեր Տարոնի վարքը քննարկելու առաջարկ Մայր Աթոռ եմ ուղարկել այս քննադատություններից շատ առաջ, շուրջ մեկ ամիս առաջ», - «Ազատության» հետ զրույցում պատմել էր Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ հայր Սամվելը։

«Տավուշի թեմում 2022 թվականից ծառայության պիտի լինի և ծառայության չի։ Կարճ ժամանակով սկզբում հնարավորություն տվեցինք, որ գնար, գար, հանդիպեր, խոսեր, հետո անհայտացավ ու անհայտացավ»,- պատմեց հայր Սամվելը։

Ըստ Սամվել Վարդապետ Մխիթարյանի՝ այս քահանան Վեհափառի որոշմամբ Հաղարծինի վանքում պիտի լիներ, հետո՝ Իջևանի եկեղեցում, բայց ուխտադրուժ կերպով լքել է ծառայության վայրը։ Նրա հարցը շատ ավելի շուտ պիտի քններ կարգապահականը։ Տեր Տարոնը պնդում է՝ Հայր Սամվելը ճիշտ չի ասում՝ ինքը Հաղարծինի վանքում եղել է, թե երբվանից չի եղել՝ երկար մտածեց. «Ես սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2000... մեկ տարի, տարի կես առաջ, փետրվար ամսի 5-ին»։

Ըստ քահանայի ինքը ոչ թե ծառայության վայրը լքել է, այլ անժամկետ արձակուրդում է և արձակուրդի թույլտվություն ստացել է բանավոր Բագրատ Սրբազանից. «Սրբազանին հայտնի էին իմ անձնական խնդիրները, և այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է և հասկանում է հոգևոր որևէ խնդրանք և ըմբռնում է»։

Ի դեպ, դեռ արձակուրդում է ու մինչև վերջերս Ռուսաստանի Դաշնությունում էր, բայց ասում է՝ հոգևոր կյանքով ապրում է առանց ընդհատումների. «Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես Աստծուն արձակուրդ եմ հայտարարել»։

«Մենք ուխտ ունենք, պարտավոր ենք մեր ծառայության վայրերը չլքել, անգամ եթե պատերազմական իրավիճակ է», - Տավուշի թեմի առաջնորդական տեղապահն էր հիշեցրել։

Այսօր չհաջողվեց ճշտել՝ արդյոք կարգապահական հանձնախումբը դեռ վերադառնալու է Տեր-Տարոնի կարգալուծության հարցին։ Մայր աթոռը առաջիկայում քննելու է նաև Թալինի հոգևոր հովվի՝ Տեր Թադեի հարցը։ Նա այս կիրակի պատրաստվում է պատարագի Հայաստանի վարչապետի ներկայությամբ։

Տեր Արամ, Տեր Թադե ու Տեր Տարոն. վարչապետի կաթողիկոսական գահն ազատագրելու պայքարում այս երեք քահանաներն են հոգևոր վերնախավին ուղղված հրապարակային քննադատությամբ հանդես եկել։ Տեր Տարոնը, սակայն, դեռ ուղիղ չի ասում՝ Վեհափառը պիտի՞ հեռանա։

Ի դեպ, Ստեփան Ասատրյանի նախկին Տեր Արամի կարգալուծության որոշմանը հանձնաժողովի անդամներից մեկը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, դեմ էր քվեարկել։ Նկատեցինք, որ այսօրվա նիստին նա չէր մասնակցում։





XS
SM
MD
LG