ՔՊ-ում կաթողիկոսի և վարչապետի միջև երկխոսությունը հնարավոր են համարում, բայց մի հարցի շուրջ՝ Վեհափառի հեռացման։
Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ իրենց խնդիրը եկեղեցու հետ չէ, այլ կուսակրոնության ուխտը խախտած Ամենայն հայոց կաթողիկոսի և մի քանի բարձրաստիճան հոգևորականի։
«Ազատության» հարցին՝ երկխոսություններ հնարավոր չե՞ք համարում Վեհափառի և վարչապետի միջև, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մեծապես կախված է Կտրիճ Ներսիսյանի պահվածքից և մյուս հոգևորականների պահվածքից, բայց կարծում եմ, որ հասցեատերը հարցադրման ես չեմ: Ամեն դեպքում քաղաքականության մեջ և կյանքում առհասարակ ոչինչ բացառել չի կարելի»։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի պահվածք ասելով, ՔՊ խմբակցության քարտուղարն արձագանքեց. «Նկատի ունեմ, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան եկեղեցուց և վերջ. սրան այլընտրանք չի կարող լինել: Այսինքն՝ երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը և մենք որպես հավատավոր ժողովուրդ հաշտ լինենք դրա հետ, նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել»։
Իշխանություն-եկեղեցի դիմակայության նոր դրսևորումը Կիրակի Հովհաննավանքում Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված և իշխանության աջակցությունը վայելող Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագն էր, որին մասնակցում էր վարչապետ Փաշինյանը։
Եթե ՔՊ խմբակցության քարտուղարը չի մասնակցել Ասատրյանի պատարագին, ապա Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների օրինակով ներկա է եղել իր, իսկ խոսքով, հավատավորների համար նախատեսված միջոցառմանը։
Այն ինչ տեսել էր Վլադիմիր Վարդանյանը երկու բառով բնութագրեց. «Մթնոլորտը շատ քրիստոնեական էր և շատ հավատավոր»։
Արդյոք եկեղեցում բառիս բուն իմաստով քաղաքացու բերանը փակելը քրիստոնեական մթնոլորտի մի մա՞ս էր։ Վլադիմիր Վարդանյանը դժվարացավ գնահատական տալ՝ պնդելով, թե այդ դրվագը չի տեսել։
Հովհաննավանքում կիրակի օրը քաղաքացիներից մեկը բացականչել էր, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը պատարագ մատուցելու իրավունք չունի։ Դրանից հետո նրա բերանը մի հաղթանդամ տղամարդ փակել էր և դուրս բերել եկեղեցուց։ Մամուլը գրեց, որ քաղաքացու բերանը փակողը Պետական պահպանության ծառայության աշխատակից է։ ՊՊԾ-ն վարչապետին ենթակա մարմին է։
«Դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին։ Ինչ է տեղի ունեցել եկեղեցում և ինչ միջավայրում և ինչ գործողությունների արդյունքում է դա տեղի ունեցել, իմ կարծիքով իրավական գնահատականների արդյունք պետք է դառնա», - ասաց Վարդանյանը։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ քաղաքացու բերանը փակելու և եկեղեցուց դուրս բերելու դրվագով հաղորդում չեն ստացել և հետևաբար քրեական վարույթ չկա, թեև այդ կադրերը համացանցում կայծակնային արագությամբ էին տարածվել։
Մինչ իրավապահները հաղորդման են սպասում, Պետաիրավական հանձնաժողովի նախագահն այսօր համեմատություն անցկացրեց քաղաքացու բերանը փակելու և Երուսաղեմում հավատավորների բախումների միջև, նշելով թե սա հոգևոր կյանքի բաղկացուցիչ մաս է։
«Երուսաղեմում այդ սուրբ կրակի ի հայտ գալու արարողության ժամանակ տեղի են ունենում նույն հոգևորականների միջև, հավատավորների միջև բավականին լուրջ բախումներ։ Եվ չգիտես ինչի լրատվամիջոցներից ոչ ոք երբևիցե այդ հարցադրումները չի հնչեցրել։ Սա ևս հոգևոր կյանքի բաղկացուցիչ մասն է», - ընդգծեց նա։
Ի դեպ՝ իշխանության աջակցությունը վայելող կարգալույծ քահանայի պատարագի նախօրեին տելեգրամյան մի անհայտ ալիք հրապարակեց ինչ-որ տղամարդու և կնոջ ինտիմ բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն է։
Իշխանական պատգամավորներն այսօր դատապարտում ու անընդունելի էին համարում այդ օրինակ տեսանյութերի տարածումը։
Թե ինչպես, երբ և ով այդ տեսանյութը տարածեց, պետաիրավական հանձնաժողովի նախագահը նշեց, որ այդ հարցի պատասխանները պետք է իրավապահ մարմինները տան։ Դատախազությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը դեռևս Քննչական կոմիտե չեն ուղարկել։
Մինչ իրավապահները կորոշեն ընթացք տալ այդ տեսանյութին, թե՝ ոչ, իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր չբացառեց, որ առաջիկայում էլի արտահոսքեր կարող են լինել եկեղեցում տիրող բարքերի մասին։
«Գոյություն ունեցող երևույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում միգուցե էլի փաստական այլ հանգամանքներ հայտնվեն տարբեր մարդկանց մոտ եղած՝ համացանցում և դառնան հանրության քննարկման առարկա։ Եվ լավ կլինի, որ հանկարծ ու հանկարծ ձեր կողմից հիշատակված տեսանյութի պես տեսանյութեր հանկարծ ու հանկարծ էլ չտարածվեն։ Ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին», - ասաց Հովհաննիսյանը։
Ընդդիմության համոզմամբ՝ իշխանությունը պետք է հրաժարվի եկեղեցու գործերին միջամտելու գործելաոճից
Ընդդիմության համոզմամբ՝ եկեղեցի իշխանություն դիմակայության հանգուցալուծման մի ճանապարհ կա՝ իշխանությունը պետք է հրաժարվի եկեղեցու գործերին միջամտելու գործելաոճից, ինչը տանում է հերթական պառակտման և մարդկանց միջև բաժանարար գծերի ստեղծման։ Վառ ապացույցն, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, կարգալույծ քահանայի և նրա եղբոր օրինակն է։
«Տեսեք՝ նույն ընտանիքի ներսում, տեսնում եք չէ՞ նույն կարգալույծ արված քահանայի եղբայրը, սարկավագ, մասնակցում է Էջմիածնում պատարագին, դեմ է իր հարազատ եղբոր վարած քաղաքականությանը, այսինքն, այս պառակտումները, այս բաժանարար գծերը պիտի վերացվեն, բայց իշխանությունը հստակ գնում է այդ ճանապարհով», - նշեց Դանիելյանը: