Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդլայնեց հայտարարագրումից հետո տրվող «սոցիալական կրեդիտների» շրջանակը


Կառավարության նիստ, 13-ը փետրվարի, 2025թ.
Կառավարության նիստ, 13-ը փետրվարի, 2025թ.

Եկամուտները հայտարարագրելուց հետո պետությունը քաղաքացիներին տարեկան մինչև 100 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի ևս երեք ուղղություններով:

Կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ ընդլայնեց «սոցիալական կրեդիտների» շրջանակը։ Մինչ այս պետությունն առավելագույնը 100 հազար դրամ վերադարձնում էր միայն բուհերի, մանկապարտեզների, առողջապահական ապահովագրության ծախսերի համար։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ պետությունը կվերադարձնի նաև եկամտահարկ վճարող քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամների երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մարզադպրոցների ուսման վարձավճարները, ատամնաբուժական ծառայությունների ծախսերը։ Նախարարը շեշտեց՝ ամբողջ տարվա համար առավելագույնը 100 հազար դրամ է տրվելու քաղաքացուն։ Որոշումը հետադարձ ուժ է ունենալու։

«Մարդը աշխատել է, եկամտային հարկ է վճարել, բայց զուգահեռ ծախս է արել կառավարության սահմանած ուղղություններով: Կառավարությունը երբ հայտարարագրում տեսնում է, որ մարդն այդ ծախսն արել է, ասում է, որ մինչև 100 հազար դրամ մենք վերադարձնում ենք: Խոսքը աշխատող և եկամտային հարկ վճարող մարդկանց մասին է», - պարզաբանեց վարչապետը:

Գործադիրի անդամները պարզաբանեցին, որ փոխհատուցում կտրվի նաև բնակարանը վարձակալությամբ տված այն քաղաքացիներին, որոնք դրանից եկամտահարկ են վճարել: Նոր փոփոխությունները նաև հիպոթեք ունեցող ու եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին է վերաբերում:

Վարչապետը նիստի ընթացքում բացատրեց՝ նոր փոփոխությունից նաև նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները կարող են օգտվել։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա որոշումից դեռ երկու շաբաթ առաջ՝ իր վերջին ասուլիսում էր խոսել սոցիալական կրեդիտների մասին։ Փորձագետները շատ արագ նկատեցին, որ նման կարգավորում այդ պահին դեռ չկար, հետո ՊԵԿ-ը ստիպված եղավ պարզաբանել, որ վարչապետը խոսել է առաջիկայում ուժի մեջ մտնող կարգավորման մասին։

Վերջին շրջանում վարչապետը պարբերաբար է անդրադառնում եկամտահարկի հայտարարագրմանը՝ փորձելով բացատրել դրա օգուտները։ Այսօր դրա քննարկումը կառավարության նիստում ավելի քան մեկ ժամ տևեց: Չնայած քննադատություններին, տեխնիկական խնդիրներին ու մարդկանց մտահոգությանը, որ կառավարությունը միգուցե հետո նոր հարկատեսակ սահմանի, Փաշինյանը պնդում է, որ այն հեղափոխական նշանակություն ունի։

Մինչ վարչապետը կոչ է անում ենթականերին հանրությանն ակտիվ ներկայացնել հայտարարագրման հնարավորությունները, քաղաքացիներից շատերը շարունակում են դժգոհել դրանից. «Ազատության» հարցմանը մասնակցած քաղաքացիներից որոշները չէին էլ պատկերացնում՝ ինչպես են հայտարարագրելու եկամուտները։

«Չեմ սկսել, չեմ էլ սկսելու», - ասաց նրանցից մեկը, մյուսն էլ հավելեց. «Չգիտեմ, չեմ էլ հայտարարագրելու»:

Այս փուլում պետական ու համայնքային պաշտոնյաներից բացի, պետք է հայտարարագրվի ավելի քան 700 հազար վարձու աշխատող քաղաքացի։ Վերջնաժամկետն ի սկզբանե մայիսի 1-ն էր սահմանվել, սակայն կառավարությունը հետաձգեց այն՝ նոր ժամկետ սահմանելով նոյեմբերի 1-ը:

XS
SM
MD
LG