Հունվարի 15-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի շրջանակում Պաղեստինյան «Համաս» խմբավորումը Գազայում ավելի քան 15 ամիս պատանդ պահելուց հետո այսօր ազատ է արձակել 2023-ի հարձակման ժամանակ պատանդառված Իսրայելի երեք և Թաիլանդի հինգ քաղաքացու:
Իսրայելցիներից մեկը 80-ամյա տղամարդ է, մյուսը՝ 29-ամյա կին, իսկ երրորդը պատանդառությունից առաջ կանանց զորամիավորումում ծառայած Ագամ Բերգերն է, որն արդեն միացել է իր ընտանիքին: 20-ամյա Բերգերի ընկերները Թել Ավիվում երգ ու պարով են նշել նրա վերադարձը:
Թել Ավիվի փողոցներում հավաքված մարդիկ ևս ծափահարություններով ու երգ ու պարով են ողջունել իսրայելցի պատանդների ազատ արձակման մասին լուրը:
«Մենք այսօր շատ ուրախ ենք, մի կողմից ուրախ ենք, մյուս կողմից՝ անհանգստացած, տխուր մյուս պատանդների համար: Մեզ համար ևս անակնկալ էր, որ Գադի Մովսեսը՝ այդ տարեց մարդը, ողջ է և վերադառնում է: Ուրախ ենք նաև աղջիկների համար», - նշել է հավաքվածներից մեկը։
Բերգերի ընտանիքը հայտարարություն է տարածել, որում ողջունել է դստեր վերադարձը և շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին և Իսրայելի ողջ ժողովրդին իրենց աջակցության և աղոթքների համար:
«Փառք Աստծո, որ հասել ենք այս պահին, և մեր հերոս Ագամը 482 օր թշնամու մոտ մնալուց հետո վերադարձել է մեզ մոտ։ Մեր դուստրն ուժեղ է, հավատարիմ և խիզախ: Այժմ Ագամը և մեր ընտանիքը կարող են սկսել ապաքինման գործընթացը, բայց վերականգնումը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև բոլոր պատանդները կվերադառնան տուն», - նշված է հայտարարությունում:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման և Իսրայելի միջև ձեռք բերված համաձայնագիրով՝ առաջին փուլում պետք է վերադարձվի 33 իսրայելցի պատանդ՝ պաղեստինցի շուրջ 1900 բանտարկյալի դիմաց: Նախկինում ազատվել էր իսրայելցի յոթ պատանդ, իսկ ութի ողջ չլինելու մասին տեղեկությունը հաստացվեց օրերս, մնացած 15-ը պետք է ազատ արձակվեն հաջորդ շաբաթ:
Հաղորդվում է, որ ի պատասխան Իսրայելն այսօր պետք է ազատ արձակի 110 պաղեստինցի բանտարկյալի, որոնցից 32-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման, 30-ը երեխաներ և կանայք են, իսկ 20-ը ազատվելուց հետո կարտաքսվեն «պաղեստինյան տարածքներից դուրս»։ Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սա երրորդ անգամն է, որ պատանդներ և բանտարկյալներ են ազատ արձակվում:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո սկսված պատերազմի հետևանքով սպանվել է 47 հազար 417 պաղեստինցի, վիրավորվել է 111 հազար 571-ը: Իսրայելական կողմն ունեցել է 1200 զոհ, 5 հազար 431 վիրավոր: