Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնում է ապաշրջափակման շուրջ Երևանի առաջարկներն ու ընդգծում՝ համաձայնության հասնելու համար մնում է՝ Ադրբեջանն ասի՝ այո: Վարչապետն այս անգամ էլ թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ում հոդված է գրել, նշել, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցն Ադրբեջանում ամենահաճախն են շահարկում: Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ թեև Բաքուն տարբեր առաջարկներ է մերժել անցած տարիներին, բայց հայկական կողմը շարունակում է ճկունություն դրսևորել, սեղանին հենց հիմա էլ առաջարկներ կան:
«Հաշվի առնելով Բաքվի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն Հայաստան սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո», - գրում է Փաշինյանը:
Նույն սկզբունքով, ըստ Կառավարության ղեկավարի, Հայաստանը նաև պատրաստ է Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու է Ադրբեջանն այդ առաջարկները մերժում: «Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»,- գրում է Նիկոլ Փաշինյանն ու հավելում՝ առաջարկում են Իրանի տրամադրած նույն իրավական պայմաններով ճանապարհ:
«Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը», - ընդգծում է վարչապետը:
Ադրբեջանից մի քանի ժամ անց արձագանքեցին՝ Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար, և ընդգծեցին, թե Երևանը «պարտավորություններ է ստանձնել այդ ուղղությամբ»։
«Թեև Հայաստանը տեղյակ է իր կողմից ստորագրված գրավոր պարտավորությունների մասին՝ կապված Ադրբեջանի արևմտյան շրջանների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի բացման հետ, դեռ դրանք չի կատարել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն ու նշել, թե Երևանի առաջարկները «դժվար իրագործելի են և գործնականում երկարացնում են երթուղին»:
Հայկական կողմն այդ առաջարկներով, ըստ Բաքվի, նպատակ ունի շեղել ուշադրությունը «ստանձնած պարտավորություններից»:
«Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանային նոր իրողություններին», - պնդել է Այխան Հաջիզադեն:
Անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի պահանջ Բաքուն ներկայացնում է՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին: Նիկոլ Փաշինյանն այսօրվա հոդվածում շեշտել է՝ տարածաշրջանային ապաշրջափակումը երկկողմ պարտավորություն է, իսկ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհն էլ՝ դրա ընդամենը մի մասը:
«Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Հակառակը՝ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել», - գրում է վարչապետը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը, իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները:
Ադրբեջանին արված հայկական կողմի առաջարկները Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության մեջ են, այսօրվա հոդվածում վարչապետը նորից շեշտել է՝ դրանք կառուցողական են, Երևանը պատրաստ է նաև պարզեցումների և ինքնաշխատ մեխանիզմների ներդրման, բայց՝ փոխադարձության սկզբունքով: Գուցե հենց փոխադարձությո՞ւնն է պատճառը, որ Բաքուն ըստ էության մերժում է առաջարկված լուծումները: Ազգային ժողովի նախագահի տպավորությամբ՝ ոչ:
«Ոնց պայմանականորեն, օրինակ, Ադրբեջանը պետք է անցնի Հայաստանի տարածքով ինչ-որ տեղով, հայաստանյան բոլոր, հատուկ, որպեսզի շահարկումներ չլինեն, հայաստանյան բոլոր իրավական պրոցեսները անցնելուց հետո, և այլն, և այլն, այնպես էլ Հայաստանը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով: Սա ոչ միայն կարմիր գիծ է, սա այն տարամաբանությունն է, որը որ ի սկզբանե դրվել է», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Բաքուն և Անկարան այս փուլում կսպասեն աշխարհաքաղաքական վերադասավորումներին, որպեսզի հասկանան, օրինակ, հարցն ուժի կիրառմամբ լուծելու հեռանկարը ինչ արձագանք կարող է ունենալ:
«Միգուցե սպասում է, որ իր համար ավելի բարենպաստ դաշտ ձևավորվի` եղած նույնիսկ զիջումների, Հայաստանի զիջումների պարագայում ստանալ շատ ավելին: Չի բացառվում, որ Ադրբեջանը նաև այս իրավիճակում փնտրի ճանապարհներ նաև որոշակի խնդիրներ, հատկապես՝ Սյունիքի հետ կապված, ռազմական ճանապարհով լուծելու տեսակյունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Արդեն կես տարի է՝ Երևանն ու Բաքուն ապաշրջափակման հարցը հանել են խաղաղության պայմանագրից, բայց քննարկումները շարունակվում են: