Մատչելիության հղումներ

Երևանը լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Անկարայի հետ բանակցությունները կտան իրենց պտուղները. Սիմոնյան


Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում և լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները: Այս մասին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում էլ երեկ տեղի է ունեցել երկու հարևան և փակ սահմաններով երկրների պատվիրակությունների հանդիպումը: Քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև», - ասել է խորհրդարանի խոսնակը, ապա ներկայացրել կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ադրբեջանի նախագահն, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ»-ը, հայտարարել էր, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար. «Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները և երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները և կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային և մաքսային վերահսկողությունը»:

Երևանն առաջարկում է, որ երկրները օգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային ու մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով:

Թուրքական կողմը, ինչպես և ադրբեջանականը ապաշրջափակման հարցում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն է առաջ տանում:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է:

XS
SM
MD
LG