Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Սարգիս Խանդանյանի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
«Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը», - սոցիալական ցանցում արված գրառման մեջ նշել է իշխանական պատգամավորը:
Ադրբեջանի նախագահը շարունակում է պահանջել Հայաստանից ճանապարհ, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին, ու այն լինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանի վարչապետը պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Իր վերջին ասուլիսում հայտնեց, որ տարածաշրջանային ապաշրջափակման Երևանի առաջարկներին Բաքուն մոտ երեք ամիս է չի պատասխանել: Թուրքական կողմն աջակցում է Բաքվի մոտեցմանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Օրերս Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերին հայտնեց, որ նոյեմբերին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Ռուբինյանը շատ մանրամասներ չէր ներկայացրել, միայն նշել, որ գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: