Մատչելիության հղումներ

ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցությունը երկար ժամանակ ու ջանք է պահանջելու. Եվրախորհրդարանի պատգամավորներ


Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու, այդ գործընթացը մեկ օրում կամ մեկ-երկու տարում իրականություն չի կարող դառնալ, անդրադառնալով Երևանի անդամակցության հեռանկարին՝ Ազգային ժողովում այսօր հայտարարեցին Եվրախորհրդարանի պատգամավորները։ Նրանք շեշտեցին՝ անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պետք է իրականացնի, երկրի օրենսդրությունը՝ արդարադատության ոլորտից մինչև սոցիալական՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։

«Եթե որևէ մեկը հավատում է, կամ եթե որևէ քաղաքական գործիչ խոստանում է, որ Հայաստանը կարող է մի քանի տարում անդամակցել ԵՄ-ին, ակնհայտ է՝ դա ուռճացված ակնկալիք է։ Եթե մենք խոսում ենք 5, 7 կամ 10 տարվա մասին, պարզապես կանխատեսում եմ՝ նախորդ երկրների փորձը հաշվի առնելով, դա ավելի իրատեսական կարող է լինել», - ասաց Լատվիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը:

Նա իր, հարևան ու մյուս եվրոպական երկրների օրինակը բերեց՝ Լիտվա, Սլովակիա, Չեխիա, ընդգծելով՝ բոլորի դեպքում էլ տարիներ է տևել անդամակցության գործընթացը։ Լատվիայից, օրինակ, գրեթե 10 տարի պահանջվեց։

Նույնը շեշտադրեց լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն. «Լիտվայից 14 տարի պահանջվեց՝ Եվրամիության անդամ դառնալու համար։ 14 տարի։ Ոչ ոք մեզ չէր սպասում՝ ասելով՝ խնդրում եմ, եկեք։ Դա մեր որոշումն էր։ Եվ մենք փորձում էինք անել հնարավոր ամեն բան»։

Լիտվացի պատգամավոր Վիտենիս Անդրյուկայտիսն, անդրադառնալով հարցին, հայտարարեց՝ ԵՄ-ին միանալը Հայաստանի որոշումն է. «Դա ձեր որոշելիքն է, թե որ տարածքում եք հիմա դուք։ Եթե դուք համաձայն եք միանալ միասնական շուկային, այլ հարց է, եթե ոչ՝ մեկ այլ»։

Եվրոպացի պատգամավորներն արձագանքում էին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի բարձրացրած հարցին։ Մամիջանյանը եվրոպացի պատգամավորներից հետաքրքրվել էր՝ ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանին մեկ այլ՝ Եվրամիության անդամ դարձնելու վերջնանպատակը ո՞րն է։

«Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, վատ է՝ այլ հարց է։ Դուք ամուսնացած անձին եք մոտեցել, ներողություն վերաշարադրելու համար… բայց մենք ամուսնալուծության կարիք ունենք։ Կարծում եմ՝ նորմալ է, երբ ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ունեմ որոշ հարցեր՝ ո՞րն է սրա վերջնանպատակը», - հարցրեց պատգամավորը։

Մեկ միությունից դուրս գալը, մեկ այլին միանալը ամուսնական հարաբերությունների հետ ընդդիմադիր պատգամավորի համեմատությունը դուր չեկավ իշխանական պատգամավորներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն ասաց. «Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ արտաամուսնական հարաբերություն չէ։ Կարծում եմ՝ ճիշտ չէ նման աշխարհաքաղաքական հանգամանքները համեմատել նման փոխաբերությամբ»։

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ նկատեց. «Որևէ մեկը չի ակնարկել երբեք, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ, ոչ թեկնածու, անդամ բառացիորեն այս տարի։ Մեր հանրային դիսկուրսի մեջ նման բան չի եղել։ Ճիշտ հակառակը՝ իշխող կուսակցությունը հատկապես և այլ պատասխանատու քաղաքական գործիչներ ու մասնագետներ ասել են, որ սա երկար գործընթաց է»։

Եվրամիության անդամակցության հարցը Երևանում քննարկվում է այդ գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագծի՝ կառավարության հավանությունը ստանալուց ու խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո։ Այս օրինագիծը հանրաքվե չի ենթադրում, իշխանությունները պնդում են, թե այն քաղաքական որոշում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG