Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին են հասել. փոխնախարար


Հայաստան-Եվրամիություն նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին են հասել, խորհրդարանում այսօր հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Երևանն ու Բրյուսելը գործընկերության նոր փաստաթղթի շուրջ են աշխատում։

Հովհաննիսյանը, սակայն, չբացահայտեց, թե նոր փաստաթղթում կոնկրետ ինչ առաջնահերթություններ են լինելու: Արտգործնախարարությունում կարծում են, որ այս նոր փաստաթուղթն էլ ավելի է խորացնելու Բրյուսելի ու Երևանի հարաբերությունները։

«Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները: Հենց այս գործընթացն ավարտվի, և նոր նկրտումների շուրջ համաձայնությունների գանք, նոր նշաձող կսահմանենք մեր համագործակցության համար», - ասաց փոխնախարարը:

Հայաստանն ու Եվրամիությունն ուղիղ մեկ տարի առաջ էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ Բրյուսելից միայն ընդգծել էին, թե նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։

Երևան-Բրյուսել գործընկերության նոր օրակարգի վերաբերյալ այսօր Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ շատ մանրամասներ չներկայացրեց։ Եվրոպացի դիվանագետը միայն հաստատեց ընթացող բանակցությունները։

«Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքները, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: Մենք աշխատում ենք գործընկերության նոր օրակարգի շուրջ», - շեշտեց Վասիլիս Մարագոսը:

Նա հավելեց՝ Բրյուսելի նպատակն է աջակցել քաղաքական երկխոսությանն ու ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։

Ազգային ժողովում այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստն էր անցկացվում։ Կողմերը անդրադարձան նաև ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին, որ առաջին ընթերցմամբ ընդունվեց փետրվարի 12-ին։

Փոխարտգործնախարար Հովհաննիսյանը հայտարարեց՝ դա ցույց է տալիս Երևանի հանձնառությունը, որ Հայաստանի քաղաքացիներն ուզում են շատ ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ։ Միևնույն ժամանակ մասնակիցները շեշտեցին, որ սա չի նշանակում ԵՄ անդամակցության հայտ։ Եվրոպացի խորհրդարանականներն էլ ընդգծեցին, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին դեռ շատ անելիքներ ունի, և անդամակցությունը մեկ օրվա կամ մեկ տարվա հարց չէ։ Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներից մեկն օրինակ բերեց Լիտվայի անդամակցության գործընթացը, որ մեկ տասնամյակից ավելի է տևել։

Լրացվում է

XS
SM
MD
LG