Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որ ընդունվեց իշխող ուժի ձայներով, քաղաքական որոշում է, հանրաքվե չի ենթադրում, հայտարարում է «Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյանը:
«Մենք հիմա ԵՄ-ի հետ ունենք գործող իրավապայմանագրային բազա՝ CEPA համաձայնագիրը, այս օրենքը նշանակում է, որ մենք պետք է այդ պայմանագրից առավելն անենք ԵՄ-ի հետ շփումներում, այսինքն՝ առաջ գնանք մեր հարաբերություններում, նոր իրավապայմանագրային բազա ստեղծելու ուղղությամբ աշխատենք՝ ի հավելումն եղածի», - նշեց Եղոյանը:
Նախագիծը Ազգային ժողով էր հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով: Հեղինակները օրինագծի քննարկմանը հիշեցրին՝ շուրջ 60 հազար ստորագրություն էին հավաքել, վստահ են՝ եթե խորհրդարանը մերժեր, կարող էին հավաքել նաև օրենքով պահանջվող 350 հազար ստորագրությունը այն հանրաքվեի դնելու համար:
«Մենք բերել ենք այս օրենքի նախագիծը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը արտահայտի իր քաղաքական կամքը՝ դեպի Եվրոպական միություն գնալու: Այս ընթացքն անշրջելի է: Ժողովուրդը սրա կողմնակիցն է», - նշեց «Եվրաքվե» նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Առաջին ընթերցմամբ նախագիծը թեև հաստատվել է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները մեկ անգամ չեն հայտարարել՝ նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն Եվրոպական միությանը: Ավելին՝ Բրյուսելից ևս նման ազդակներ չեն եղել, թե Հայաստանը տեսնում են Եվրամիության կազմում:
«Տպավորություն է, որ Հայաստանը դուրս է գալիս մի պրոցեսի, որտեղ հեռանկար չկա»
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը խորհրդարանի հաստատածը նույնիսկ նախագիծ է դժվարանում անվանել՝ թե՛ բովանդակության, թե՛ մատուցման ձևով պայմանավորված: Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն նկարագրված է Սահմանադրությունում, իսկ անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, հետո՝ քաղաքացու ձայնով՝ հանրաքվեով պիտի հաստատվի:
«Հանգամանքը, որ այս պրոցեսը սկսել է ինչ-որ նախագծից, իսկ նախագիծ բառը չակերտավոր է, որովհետև դա իրավական առումով ինքն իրենից նախագիծ չէր ներկայացնում, սա խոսում է այն մասին, որ իրականության մեջ խնդիրը դրված է ոչ թե կոնկրետ դեպի ԵՄ գնալու, այլ իմ տպավորությամբ իշխանությունը 26 թվականի ընտրություններին նաև ընդառաջ փորձում է փուչիկ ստեղծել առ այն, որ Հայաստանը գնում է Եվրոպական միություն, դրա անվան տակ փորձում է ներկայացնել կեղծ խոստումներ ու անիրատեսակաn ծրագրեր», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Աբրահամյանը հիշեցրեց, որ հենց իր կուսակցության՝ Հանրապետականի օրոք է Եվրամիության հետ կնքվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել նախագծին, քանի որ չկա տնտեսական և քաղաքական հաշվարկ։
«Տպավորություն է, որ Հայաստանը դուրս է գալիս մի պրոցեսի, որտեղ հեռանկար չկա, որովհետև Եվրամիությունը դա իրա համար առաջնահերթություն չի համարում, զեկույցներում դա չի ամրագրում։ Պատահական չէ, որ Մյունխենի համաժողովում առանձին քննարկում կար ԵՄ ընդլայնման քաղաքականության հետ կապված, բայց նույնիսկ ֆորմալ առումով չողջունվեց այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնությունը չակերտավոր դեպի ԵՄ գնալու մեկնարկ է տվել: Նույնիսկ Եվրամիությունն է դրան մոտենում խիստ վերապահորեն», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Արման Եղոյանն էլ նշեց. - «Եվրամիության խորհրդարանից եղել է գաղափար ողջունել նախագծի ընդունումը, ուղղակի քանի որ սա առաջին ընթերցումն է ու տեխնիկապես օրենքն ուժի մեջ մտած չի՝ ոչ 2-րդ ընթերցում է անցել, ոչ էլ նախագահի կողմից է ստորագրվել, ենթադրում եմ, որ սպասում են օրենքն ամբողջությամբ ընդունվի նոր արձագանքեն: Ես չէի ասի՝ անտեսված է»:
Իշխող ուժի ներկայացուցիչը նաև անհիմն է համարում քննադատությունը, թե Հայաստանը 7 տարի ղեկավարող ուժը չի կատարել նույնիսկ CEPA-ի համաձայնագիրը, հիշեցրեց՝ մինչև 27 թվականը դեռ ժամանակ կա: Արման Եղոյանը կարևորեց, որ հիմա բանակցության փուլում է գտնվում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը, որն, ըստ նրա, առաջիկա շաբաթներում կստորագրվի:
Ինչ վերաբերում է հարցին, որ առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ անկում է, իսկ ՌԴ-ի հետ՝ թռիչքաձև աճում, պատգամավորը պատասխանեց. - «Այո, մեր քաղաքական հարաբերություններն ավելի խորն են, քան մեր տնտեսական հարաբերությունները, և այս օրենքը ձեր ասած բացը լրացնելու համար է նաև: Քաղաքական հարաբերությունները շատ ավելի առաջ են գնացել, թե միայն անցած տարի քանի կարևոր քաղաքական որոշումներ եղան, եթե այլ բան չլիներ, միայն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, եթե այլ որոշում էլ չլիներ, միայն այդ որոշումը լիներ, մենք միայն այդ որոշումից կարող էինք պատկերացում կազմել, թե ինչ աստիճանի են խորացել մեր հարաբերությունները, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, միգրացիայի հետ կապված թեմաները: Այդ ֆոնին ԵՄ անդամ 27 երկրները միաձայն հաստատեցին վիզաների ազատականացման մեկնարկի մասին որոշումը»:
Ընդդիմադիրները վստահ են՝ շոշափելի քայլեր չեն լինելու՝ ընտրություններից առաջ արված քայլ է, իշխանությունը հակադարձում է՝ իրենք մեղավոր չեն, որ քաղաքական երկխոսությունը խորացել ու հասունացել է ընտրություններից մեկ տարի շուտ:
Արման Եղոյանն ընդունում է՝ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու ճանապարհը երկար է, բայց քաղաքական որոշումն արդեն առկա է: