Խորհրդարանն այսօր մի քանի ժամ պատկերավոր քննարկեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։
«Ձեր ամեն խոսքից, ամեն ելույթից հետո ես սպասում եմ, որ Դուք էս բաժակը վերցնելու եք և ասելու եք՝ կեցցե՛ Եվրոպական միությունը», - նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին դիմեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ուղղակի մի փոքրիկ ակնարկ՝ նաև պետք է ճիշտ կենաց խմել իմանալ», - արձագանքեց Զեյնալյանը:
«Կենացների թեման շարունակեմ՝ էդ կենաց խմելուց նաև կարևոր ա՝ ինչ օղի էս օգտագործում, որ հաջորդ օրը գլուխդ չցավի, օրինակ; Ոչ մի բանի չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում եք գնաք Եվրոպա: Հա դե ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ ա՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք, մտցնենք ... », - իր հերթին, հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը:
«Ժամանակը վերջացել ա, բայց շարունակեք, հետաքրքիր ա, եթե անկեղծ», - ծիծաղելով միջամտեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իշխանական պատգամավորները, նաև փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը շեշտում էին, որ օրենքի այս նախագիծը ոչ թե Եվրամիությանն անդամակցության հայտ է, այլ՝ ուղերձ Եվրամությանը, քաղաքական կամքի արտահայտում։
«Ընդգծեմ, որ օրինագծի ընդունումը ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության հայտ: Առաջարկում ենք կողմ քվեարկել օրինագծին, դրանով իսկ հստակ ուղերձ հղել եվրոպական կողմին գործընկերությունը որակապես նոր փուլ տեղափոխելու վերաբերյալ», - հայտարարեց ԱԳ փոխնախարարը:
Ընդդիմության համոզմամբ, մինչդեռ, նախագիծը ոչ այլ ինչ է, քան՝ ցանկությունների կամ կենացի մակարդակի հայտարարություն։
«Լավ ա, շատ լավ ա, բայց սա ընդամենը լավ կենաց ա: Մեզ ո՞վ ա սպասում Եվրոպական միությունում, մեզ արդյոք սպասում են Եվրոպական միությունում: Որովհետև կարելի ա ցանկանալ, ցանկացած բան կարելի ա ցանկանալ, կարելի ա օրենքի նախագիծ բերել, որ երկնքից էլ մանանա թափվի մեր գլխին, ամեն ինչ կարելի ա անել», - հայտարարեց Խամոյանը:
«Եվրոպական միությունում մեզ սպասում են: Եթե Ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չեք ներկայացնում, կարծում եմ՝ Դուք սխալվում եք, մենք շատ արժեքավոր ենք Եվրոպական միության համար», - հակադարձեց Զեյնալյանը:
Օրինագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչն այսօր խորհրդարանում ներկայացնելով օրենքի հիմնավորումները՝ պնդեց՝ ԵՄ-ին անդամակցությունը կմեծացնի Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, նաև կամրապնդի ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։
«Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին», - հայտարարեց Զեյնալյանը:
Նա նաև վստահեցրեց՝ այս օրենքի ընդունումը կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը և մենաշնորհների վերացմանը։
Ի պատասխան՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ իհարկե, բոլորն էլ լավ ապրելու և եվրոպական արժեհամակարգին միանալու ցանկություն ունեն, բայց և հիշեցրեց՝ Հայաստանն այսօր մեկ այլ տնտեսական միավորման՝ Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի առևտրաշրջանառության 50 տոկոսը հենց ԵԱՏՄ-ում է։ Ինչպե՞ս է լուծվելու բնական մենաշնորհների՝ մասնավորապես գազի, էլեկտրաէներգիայի հարցը։ Եվրամիությունն ինքը գազի հարցում այլընտրանքի խնդիր ունի, շեշտեց իշխանական պատգամավորը։
«Անդամակցության հետ կապված ձեր փաստարկները հիմնավո՞ր են արդյոք տնտեսական ոլորտում այս խնդիրների լուծմանը», - հարցրեց ՔՊ պատգամավորը:
Արտակ Զեյնալյանը շտապեց վստահեցնել՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ. - «Այստեղ խնդիր դրված չի՝ 185-միլիոնանոց շուկան փոխարինել 400-միլիոնանոց շուկայով, այլ խնդիր է դրված լրացել 450-միլիոնանոց շուկայով։ Եվս մեկ անգամ ասեմ, որ խոսքը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի՝ շուկաներով հանդերձ, խոսքը նոր բան ձեռք բերելու մասին է»:
Ընդդիմադիր դաշնակցական Գեղամ Մանուկյանն ավելի կոնկրետացրեց հարցը՝ ինչպե՞ս են պատկերացնում և՛ ԵԱՏՄ-ում մնալ, և՛ ԵՄ-ին անդամակցել, երբ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ հստակ նշել են՝ Հայաստանի ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Անցած ամիս այս մասին հայտարարեց նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. պնդելով՝ Մոսկվան Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է իբրև ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ։
«Ռուսաստանի փոխվարչապետ, երկու օր առաջ՝ արտգործնախարարի տեղակալ, հստակ էդ «և՛, և»՛-ի տարանջատման հարցն են դնում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
«Պարոն Մանուկյան, ԵԱՏՄ-ից մենք պաշտոնական հայտարարություն կամ վերջնագիր չենք ստացել, և ԵԱՏՄ-ն դա Ռուսաստանի Դաշնության ալտերնատիվ անվանումը չի, դա ինքնիշխան պետությունների, անկախ պետությունների միավորում է՝ փոխշահավետ, համատեղ ստեղծված կազմակերպություն, տնտեսական կազմակերպություն է դա», - արձագանքեց Արտակ Զեյնալյանը:
Ավելի ուշ արդեն, դաշնակցական Գառնիկ Դանիելյանի հարցին պատասխանելիս Արտակ Զեյնալյանն ընդունեց՝ երբ արդեն Հայաստանը մտնի ԵՄ, պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. - «Երբ որ մենք արդեն հասունացած կլինենք այնքան, որ պատրաստ լինենք մտնել Եվրոպական միության մաքսային միություն, բնականաբար, մենք պետք է դադարեցնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ մաքսային միությանը: Եվ, այո, կարող են ապրանքների գները թանկանալ»:
ԵՄ-ին անդամակցության և ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդրին անդրադարձավ նաև Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, հարակից զեկուցող Արման Եղոյանը՝ բացատելով, թե դա երբ տեղի կունենա։ Մասնավորապես, ըստ նրա, այս օրենքն ընդունելուց հետո, եթե Հայաստանը հաջորդ քայլն անի, ապա դա պետք է լինի Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը:
«Եթե նման փաստաթուղթ, այսինքն՝ ազատ առևտրի համաձայնագրի փաստաթուղթ ստորագրվի Եվրամիության հետ, այն օրը, երբ այդ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանը այլևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ: Դուք ասում եք՝ ի՞նչ կլինի, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, իսկ էնտեղ դեռ չլինենք: Էդ դեպքում, եթե ժամանակային հեռավորությունը շատ լինի, մենք խնդիրներ կունենանք: ԵԱՏՄ-ից դուրս մնալ կամ հանել՝ էդպիսի հասկացություն չկա, ինչպես որևէ մաքսային միությունից, կա դուրս գալ կամ դուրս չգալ», - հայտարարեց Եղոյանը:
ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն վաղը։