Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել՝ դադարեցնելով 15-ամսյա պատերազմը, որը ավերածություններ և լուրջ քաղաքական փոփոխություններ բերեց Մերձավոր Արևելքում:
Այն սկսել է գործել գրեթե երեք ժամ ուշացմամբ:
«Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Գազայի հատվածում տեղի բնակիչներն ու բուժաշխատողները հայտարարել են, որ իրենք չեն լսել նոր ռազմական գործողությունների կամ ռազմական հարվածների ձայներ վերջին մեկուկես ժամվա ընթացքում, փոխանցում է Reuters-ը:
Իսրայելը արմատական «Համաս»-ին առավոտյան մեղադրել էր ուշացման մեջ, քանի որ զինյալ խմբավորումը չէր ներկայացրել առաջին երեք պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեն համաձայնագրով:
Կազմակերպությունը ուշացումը բացատրել է «տեխնիկական» պատճառներով՝ չհստակեցնելով, թե որոնք են դրանք:
Ժամկետը լրանալուց երկու ժամ անց «Համաս»-ը հայտարարել է, որ անունների ցուցակ է ուղարկել, և իսրայելցի պաշտոնյաները հաստատել են դրա ստացումը:
Երկար սպասված հրադադարի համաձայնագիրը կարող է օգնել վերջ դնել Գազայի պատերազմին, որը սկսվել է, երբ «Համաս»-ը, որը վերահսկում էր փոքրիկ ափամերձ տարածքը, հարձակվեց Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ինչի հետևանքով, ըստ Իսրայելի իշխանությունների, զոհվեց մոտ 1200 մարդ:
Գազայում տեղակայված առողջապահական մարմինների տվյալներով՝ Իսրայելի պատասխան գործողությունների արդյունքում Գազայի մեծ մասը ավերակների է վերածվել, իսկ մոտ 47 հազար պաղեստինցի զոհվել է:
Պատերազմը նաև հանգեցրեց առճակատման ամբողջ Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և նրա ոխերիմ թշնամի Իրանի միջև, որն աջակցում է «Համաս»-ին և այլ հակաիսրայելական և հակաամերիկյան ռազմականացված կազմավորումներին ամբողջ տարածաշրջանում: