Երեկվանից ուժի մեջ է մտել Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև երկար սպասված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակում Պաղեստինն ազատ է արձակել 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված Իսրայելի երեք քաղաքացու, իսկ Իսրայելը՝ պաղեստինցի 90 բանտարկյալի՝ մեծամասամբ կանանց ու երեխաների:
Պաղեստինցի բանտարկյալ Ռիսոն Աբդելազիզ Աթավնեն ասել է, որ իսրայելական բանտը պարզապես դժոխք էր, որից ազատվել է:
«Ես հիմա դրախտում եմ: Այնտեղ մեզ բռնության էին ենթարկում, ծեծում, արցունքաբեր գազ էին կիրառում մեզ վրա, հաշվում էին, երբ մեր գլուխներն իջեցված էին հատակին, մտնում էին խցերը և կրակում մեր ուղղությամբ, ո՛չ ուտելիք կար, ո՛չ աղ», - նշել է նա:
Իսրայեյցի պատանդները հարցազրույցներ չեն տվել, սպասվում է, որ առաջիկայում «Համաս»-ը ևս 30 իսրայելցի պատանդի ազատ կարձակի:
Համաձայնագրի շրջանակում երեկ նաև իսրայելական զորքն է սկսել հետ քաշվել Գազայի հատվածի Ռաֆահի շրջանից, իսկ պաղեստինցիներն սկսել են վերադառնալ իրենց տներ: Նաև բեռնատարներով անհրաժեշտ հումանիտար օգնություն է հասցվում Գազա, որտեղ այսօր արդեն սկսել են գործել բացօթյա շուկաները:
Սակայն շատերն ստիպած են դեռ վրաններում բնակվել, քանզի նրանց տներն ավերակների են վերածվել իսրայելական ավիահարվածների հետևանքով: Գազայի բնակիչ Ջոմմա Շադինն ասում է, որ իր տունն անճանաչելի է դարձել:
Ռաֆահ քաղաքից տեղահանված Աբդուլրահման Ռիյաթին էլ նշում է, որ հրադադարը հույս է տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, թեև պատերազմի հետևանքով կորցրել է ողջ ունեցվածքը:
Հյուսիսային Գազայից տեղահանված Ահմեդ ալ-Աբսին ուրախ է, որ հրադադար է ձեռք բերվել և վերջ է դրվել արյունահեղությանը: Նա համարում է, որ այս համաձայնությունը հաղթանակ է պաղեստինցիների համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է հրադադարի համաձայնագիրն ու պատանդների ազատ արձակման գործընթացը: X-ի իր էջում նա գրել է, թե կարևոր է, որ հրադադարը նպաստի՝ վերացնելու անվտանգային և քաղաքական այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կայուն կերպով Գազային օգնություն տրամադրելուն:
«Մենք պատրաստ ենք աջակցել այս համաձայնագրի իրականացմանը և մեծացնել կայուն կերպով տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը բազմաթիվ պաղեստինցիներին, որոնք շարունակում են տառապել», - նշել է Գուտերեշը:
Հրադադարի համաձայնագիրը բաղկացած է երեք փուլից: Առաջինում կողմերը պետք է ազատ արձակեն պատանդներին և բանտարկյալներին: Երկրորդ փուլում պետք է ազատ արձակվեն մնացած պատանդները և վերջ դրվի պատերազմին, իսկ երրորդում նախատեսվում է մահացած պատանդների դիերը վերադարձնել նրանց ընտանիքներին, ապա կենտրոնանալ Գազայի վերականգնման վրա: Երկրորդ և երրորդ փուլի վերաբերյալ հետագա բանակցությունները կսկսվեն գործարքի իրականացման 16-րդ օրը:
Գազայի պատերազմն սկսվեց, երբ «Համաս»-ը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվեց Իսրայելի վրա, ինչի հետևանքով, ըստ Իսրայելի իշխանությունների, զոհվեց մոտ 1200 իսրայելցի: Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով Գազայի մեծ մասն ավերակների է վերածվել, զոհվել է մոտ 47 հազար պաղեստինցի, այդ թվում՝ 18 հազար երեխա: