Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձեց հետաձգել պատերազմի վերջնագիրը. Նարեկ Սուքիասյան


Հայաստանը փորձեց հետաձգել պատերազմի վերջնագիրը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Նկատի ունենալով Ալիևի տարեսկզբի սպառնալիքները, կամ օրինակ այն, որ նա վարչապետ Փաշինյանի հետ մասնակցում էր Դավոսի ֆորումին, բայց հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, կարելի՞ է եզրակացնել, որ բանակցությունները փակուղի են գնում:

Սուքիասյան. - Բանակցությունները կարծես թե փակուղի էին մտնում արդեն նախորդ տարեվերջին, երբ մենք տեսնում էինք Բաքվի կողմից հնչեցվող անընդհատ երեք պահանջները, որոնք համաձայնեցված չէին դեռևս, և իրենք պնդում էին, որ առանց դրանց շուրջ համաձայնության հասնելու պայմանագիր չի լինի, իսկ Հայաստանը շարունակում էր պնդել, որ բոլոր խնդրահարույց հարցերով Հայաստանն ունի իր առաջարկները, և անգամ փորձեր էին արվում նույնիսկ կարմիր գծերի հայկական կողմի նշմարման, բայց տեսանք, որ մի քանի ամիս այդ հռետորաբանությունը երկու կողմերի շարունակվելուց հետո, որ՝ պատրաստ ենք եղած տարբերակով արդեն ստորագրել, արդյունք չտվեցին: Այսինքն, Ադրբեջանն իր դիրքերից չշարժվեց և ուներ առիթներ չշարժվելու համար, դիրքորոշում չփոխելու, որովհետև հիմնական ճնշումները, որոնք գալիս էին Բաքվի ուղղությամբ միջազգային հանրությունից՝ առաջընթաց գրանցելու, գալիս էին Արևմուտքից, մասնավորապես, Միացյալ Նահանգներից, և արդեն հեռացող վարչակարգի այդ վերջին ճիգերը կարելի էր անգամ անտեսել: Ուլտիմատումները, որոնք հնչեցին տարեսկզբին հայտնի հարցազրույցի մեջ, դրանք նույնպես բանակցությունների մասին էին, արդեն շատ հայտնի դարձած ավանդույթ Ադրբեջանի կողմից, որ եթե գալիս է մի իրավիճակ, երբ Հայաստանն այլևս կարծես թե չի ընդունում այլ պահանջները, հնչեցվում է պատերազմական ուլտիմատում, մոտավորապես նույն բառերով, ինչ նախորդ անգամների դեպքում էր: Էս պարագայում, ինչպես և նախորդ անգամների պարագայում, պատերազմական սպառնալիքից խուսափելու համար Հայաստանը փորձում է մի փոքր ավելի մեղմել իր դիրքորոշումը: Այս պարագայում այն առաջնահերթությունը, որ ուներ Հայաստանը, և իշխող ուժը շարել էր, երևի թե ընտրվեց Մինսկի խմբի ձևաչափից հրաժարումը, որպեսզի էդ սպառնալիքը հետաձգվի, որովհետև դժվար է խոսել սպառնալիքի վերացման մասին, երբ մենք էս օրինաչափությունը արդեն չորս տարի շարունակ տեսնում ենք:

«Ազատություն». - Բայց մյուս կողմից էլ մենք գիտենք, որ խաղաղության պայմանագրի ընդամենը երկու դրույթ է մնացել չհամաձայնեցված:

Սուքիասյան. - Այստեղ գալիս ենք մեկ այլ խնդրի. եթե, օրինակ, սահմանին Եվրամիության դիտորդների դուրսբերումը, ինչը պահանջներից մեկն է, լուծվի, իսկ դրա մասին արդեն ակնարկներ անգամ Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից ենք լսում, որ հնարավոր է քննարկվի այն տարբերակը, որ սահմանազատված հատվածներից նրանք դուրս գան, Ադրբեջանը նաև սրա մասին է մտածել և անգամ իսկ մնացած երկու հարցերով համաձայնության հասնելու պարագայում էլ, եթե անգամ դրանք սպառվեն, Ադրբեջանը շատ հանգիստ առնվազն երկու ծայրահեղ անհանգստացնող խնդիր շարունակում է դնել Հայաստանի առաջ. դա միջազգային տրամաբանությունն է, դա, այսպես կոչված, Հայաստանի ադրբեջանական համայնքի՝ հատուկ պայմաններով և կարգավիճակով վերադարձն է Հայաստան:

Որևէ պայմանագիր խաղաղություն չի ապահովում: Պայմանագիրը կարող է ձևակերպել այդ պահին եղած ընդհանուր եզրերը, համաձայնությունների շրջանակը, որոնք բնավ չեն բերում թշնամանքի վերացման, եթե քաղաքական կամքը թշնամանքը շարունակելու շարունակվում է և տեղում է:

«Ազատություն». - Ձեր ասածը պատերազմ է ենթադրում:

Սուքիասյան. - Ոչ պարտադիր կերպով պատերազմ, որովհետև Ադրբեջանը լավ հարմարվել է, վարժվել է այն քաղաքականությանը, որ ճնշում է գործադրում այնքան ժամանակ՝ ստանալու այնքան բաներ, ինչը հնարավոր է բանակցությունների միջոցով, եթե՝ չէ, ապա հնչեցվում են ավելի մեծ սպառնալիքներ, և դրանք կարծես թե կամ իրականացվում են արդեն ուլտիմատումի վտանգի տակ, կամ էլ հենց լուրջ էսկալացիաներ, թեև փոքր՝ աշխարհագրական իմաստով, տեղի են ունենում: Մենք կարող ենք հիշել 21 թվականի մայիսը, 21 թվականի նոյեմբերը, 22-ի սեպտեմբերը, որոնց պարագայում էլ անգամ էդ ամուր դիրքորոշումը, որը կա, ցավոք սրտի, նման պայմաններում երկար պահել հնարավոր չի լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG