Մատչելիության հղումներ

Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Նիկոլ Փաշինյան


Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են, ըստ Armenpress-ի, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում:

«Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից», - ընդգծել է վարչապետը:

«Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»

Նիկոլ Փաշինյանը հոդվածում նշել է. «Ադրբեջանի «պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և հետևաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Եթե ավելի կարճ և ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետևյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետևաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում»:

Ընդգծելով, որ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են, Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

«Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով», - նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, - «հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղաղապահ զորախմբերի մասնակցությանը)»:

«Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

«Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ: Ոչ, որովհետեւ, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի: Այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ», - նշել է վարչապետը:

«Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ», - գրել է Նիկոլ Փաշիյանը հոդվածում:

«Հարկավոր է հրաժարվել էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն»

Վարչապետն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը:

«Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - նշել է նա:

Ընդգծելով, որ Երևանը Բաքվին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին, Փաշինյանը գրել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

«Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան և միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - հավելել է նա:

Փաշինյանը պնդել է, որ հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները բնականոն և կառուցողական աշխատում են: Նա նշել է նաև, որ օրերս տեղի ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

«Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

XS
SM
MD
LG