Շաբաթասկզբին Գյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալված ավելի քան 3 տասնյակ քաղաքացիներից 15-ը կալանավորվել է:
3-ը տնային կալանքի տակ կմնան՝ բացակայության արգելքով, 1-ի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել: Դատարանը երեկվանից էր սկսել քննել 19 մեղադրյալների կալանքի միջնորդությունները:
Կալանավորվածների թվում են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, մեկը ավագանու Կոմկուս խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանն է, մյուսը՝ Նարեկ Ղուկասյանը: Քաղաքապետի եղբոր ևս մեկ թոռ երեկ է ձերբակալվել, նա անչափահաս է, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Ձերբակալված մյուս անչափահասն արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի, տնային կալանքի տակ է, երկրից բացակայելու արգելք ունի:
«Անչափահասին մեղադրել են զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Կոնկրետ զանգվածային անկարգություններին մասնակցելը ծանր հանցագործություն է և ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում 4-8 տարի ժամկետով», - ասաց փաստաբանը:
Փաստաբան Արտուշ Հակոբյանը անչափաս տղայից բացի ևս 8 հոգու է ներկայացնում այս գործով: Փաստորեն նրա պաշտպանյալներից միայն անչափահասն է տնային կալանքի տակ, մյուսները բանտում կպահվեն երկամսյա և քառասունօրյա ժամկետներով:
«Քանի որ իր բնույթով զանգվածային է, ծանր հանցագործություն է ու քննության վրա անօրինական ազդեցություն ունենալու ռիսկերը, հավանականությունները բարձր են մեղադրյալների ազատության մեջ գտնվելու պայմաններում, և նախաքննական մարմնի դիրքորոշումը կայանում է նրանում, որ միայն կալանք խափանման միջոցը, որ իր խստությամբ ամենախիստն է, ի զորու է ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը, որպեսզի չխոչընդոտեն սույն գործով ապացուցման գործընթացին», - ասաց Հակոբյանը:
Զանգվածային անկարգությունների հոդվածով այս գործը հարուցվեց նույն այն օրը, երբ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ օրը նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանը ձերբակալվեց ու տեղափոխվեց Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու քաղաքապետի աջակիցների միջև բախում եղավ:
Քննչական կոմիտեն պնդում է, որ մեղադրյալները կոչ են արել փակել քաղաքապետարանի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության մեքենաների անվադողերը, քաղաքապետարանի գույքը, և ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր, կրակայրիչներ են նետել:
Լուսադեմին դատարանը երկու ամսով կալանավորել է «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին: Նրա պաշտպան Լիաննա Գասպարյանն ասում է՝ Մխիթարյանին վերագրվող մեղադրանքի ապացույցները զրո են:
«Ավելին՝ օրեր շարունակ Ռուբեն Մխիթարյանին վերաբերելի այլ տեսագրություններ էին սոցիալական կայքերում շրջանառվում, որտեղ պատկերված էին Ռուբենի գործողությունները, ակնհայտ տեսանելի էր, որոնք բացառապես հանդարտեցնող ու կանխարգելող բնույթի էին ու բացառապես որևէ հանցավոր տարրեր իրենց մեջ չէին պարունակում, այլ արտահայտում էին ակնհայտ փաստաբանական մասնագիտական գործունեությունից բխող արարքներ», - ասաց Լիաննա Գասպարյանը:
Գասպարյանը ահազանգում է՝ ստացվում է, որ փաստաբանին կալանավորում են իր մասնագիտական գործունեության համար: Մխիթարյանն, ըստ փաստաբանի, բանտում է հայտնվել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա:
«Ես իմ փաստաբանական 10 տարիների ունեցած պրակտիկայում չեմ տեսել նման անհեթեթ... ինչը երեկ եմ տեսել՝ կալանքի միջնորդություն, երբ անձին կալանավորում են ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, այն էլ այն ոստիկանի ցուցմունքի վրա, որ իբրև վերջինս ձերբակալել է Ռուբեն Մխիթարյանին, մինչդեռ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ ոստիկան: Եվ մենք բոլորս տեղյակ ենք, որ ունենք Եվրոպական դատարանի բազմաթիվ, նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որ անձին չի կարելի դատապարտել ոստիկանի այն էլ մեկ ցուցմունքի հիման վրա», - ընդգծեց փաստաբանը:
Ռուբեն Մխիթարյանի կալանքի հիմքում, ինչպես մյուս բոլորի դեպքում, նախաքննական մարմինը նույն հիմքերն է դրել. «Օրինակ՝ ա. նոր արարք կատարելու մտահոգությունը, բ. դնում են վարույթն իրականացնող մարմնին խոչընդոտելու ենթադրյալ հավանականությունը և գ. դնում են, օրինակ, փախուսը, բայց դրա տակ, թե ինչ միջոցով կխոչընդոտի, ինչպես փախուստի կդիմի, նոր արարքն ինչով են հիմնավորում, վստահեցնում եմ, որ որևիցե պատճառաբանություն միջնորդությամբ առկա չէր»:
Երեկ այս գործով նաև քաղաքապետարանի 2 պաշտոնյա էր ձերբակալվել՝ մեկը Վարդան Ղուկասյանի խորհրդականը, մյուսը՝ ապօրինի շինությունների բաժնի պետի պաշտոնակատարը: Նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Քննչականը գործը հարուցել է բավականին ծանր՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, խմբով արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելու հոդվածներով: Մեղադրյալների մի խումբ էլ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են՝ վարորդներ ու հավաքարարներ: Երեկ Գյումրիի փոխքաղաքապետը զգուշացրել էր, որ նրանց բացակայության պատճառով հնարավոր չի լինի պատշաճ կերպով իրականացնել քաղաքի մաքրման աշխատանքները: