Մատչելիության հղումներ

Գյումրիի դեպքերի գործով 37 ձերբակալվածներից 29-ին մեղադրանք է առաջադրվել, 19-ի համար կալանք են պահանջում


Գյումրիի համայնքապետարանի մուտքի մոտ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Գյումրիի համայնքապետարանի մուտքի մոտ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Գյումրիում զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված վարույթի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 37-ի, նրանցից 29-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, դատարանն այժմ քննում է նրանց խափանման միջոցի հարցը: 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Ընդ որում՝ ձերբակալություններ նաև այսօր են եղել, հայտնեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը:

«Ավագանու անդամներ, բաժնի պետ, խորհրդական, Պետրոսյան Աշոտին՝ խորհրդական, տարել են, էսօր ամբողջ նյութերը իրեն մոտ են, խորհրդակցությունները, ինքը պիտի խորհրդակցությունների հանձնարարականները տա, որ կարողանանք խորհրդակցություն անցկացնել, քաղաքի բոլոր աշխատանքները բնականոն ընթացք ունենան: Էսօր, պատկերացրեք, Աշոտի մոտ է էդ բոլոր հանձնարարականները, որ մենք հանձնարարականներով ենք առաջնորդվում, չենք կարող վերցնել, չկա, հետո իմացանք, որ Պետրոսյան Աշոտին տարել են», - հայտարարեց Մանուկյանը:

Այսօր առավոտյան ձերբակալվածները Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ համայնքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանն ու ապօրինի շինությունների բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Մեսրոպյանը: Ավագանու անդամներ էլ կան ձերբակալվածների շարքերում, նրանցից մեկը Գևորգ Ղուկասյանն է՝ քաղաքապետի եղբոր թոռը, որին տեսանք, թե ինչպես Քննչականի բակից տեղափոխեցին դատարան, մյուսն, «Ազատության» տեղեկություններով, Կոմունիստական կուսակցություն խմբակցության անդամ Սեդրակ Սահակյանն է:

Մեղադրյալների թվում անչափահաս կա, որի խափանման միջոցի հարցն այսօր մյուսների հետ քննում է Շիրակի մարզի դատարանը: «Ազատության» տեղեկություններով, ևս մեկ ձերբակալված անչափահաս էլ կա՝ նա կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է:

Փաստաբան Հայկ Հարությունյանը, ով այս գործով չորս վստահորդ ունի, ասում է՝ բավականին ծանր մեղադրանքներ են առաջադրվել, իսկ նախաքննական մարմին իրենց ներկայացրած հակափաստարկները չեն ընդունվում:

«Հիմնական, տեսեք, գրեթե բոլորինը նույնաբովանդակ է, որ խանգարել են, հրել են, ոստիկանությանը խոչընդոտել են՝ գրեթե նույնաբովանդակ մեղադրանք է բոլորինը, ու մասնավորեցված չէ, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություններ է արել. ընդհանուր մի հատ բովանդակություն է վերցրել և բոլորին նույն բովանդակությամբ մեղադրանքը առաջադրել է, մասնավորություն չկա, որոշակիություն չկա, թե կոնկրետ տվյալ անձը ինչ է արել՝ փակել է, հրել է, թե ինչ է արել: Ընդհուպ մենք որոշների դեպքում նաև տեսագրություններ ենք ներկայացրել՝ հակառակ փաստերը հիմնավորող, որ անձը ուղղակի կանգնած է եղել, որևէ գործողություն չի կատարել, բայց կարծես թե վարույթն իրականացնող մարմինը անդրդվելի է և տվյալ պարագայում նույնիսկ մեղադրանք է առաջադրում և արդեն իսկ միջնորդություններ է ներկայացնում դատարան, որպեսզի կալանավորեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ հավելելով. - «Պատիժները՝ 4-ից 8 տարի, 3-ից 7 տարի, բավականին ծանր հոդվածներ են, այո»:

Մեղադրյալների մի մեծ խումբ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են: Նրանց բացակայությունից տուժում են մաքրման աշխատանքները, այսօր դժգոհում էր Գյումրիի փոխքաղաքապետը. - «Կոմունալ բաժինը ամբողջ քաղաքի մաքրության տեր ու տիրականն է, ինքը անընդհատ աշխատող մի մարմին է, չի կարելի էդ բաժնից պատասխանատու մարդկանց տանել և էդպես ժամերով պահել: 9, 13 վարորդ կարելի է՞ պահել կոմունալ բաժնից՝ բեռնատարի վարորդ, տրակտորի վարորդ, աղբատար մեքենայի վարորդ, էդ մարդիկ քաղաքը պիտի վերջը մաքրեն: Հետո, մաքրողներից են տանում մարդ: 13 հոգի, 14 հոգի մարդ են տանում, ու անընդհատ շարունակաբար տանում են: Ժողովուրդ, էդպես ախր չի կարելի, ինչի՞ եք պարալիզացնում քաղաքը, ինչի՞ չեք թողնում աշխատենք»:

Քրեական այս վարույթը նախաձեռնվել էր երկու օր առաջ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ:

Երկու ամսով կալանավորված Վարդան Ղուկասյանին հիմա փոխարինում է նրա փեսան՝ առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը:

Ընդամենը վեց ամիս պաշտոնավարող Ղուկասյանը կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվեց վարչապետի հայտարարությունից ուղիղ 20 օր անց:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղուկասյանի այն պնդմանը, թե Հայաստանը Ռուսաստանի հետ մի դաշինքում պետք է լինի, ասել էր, թե Հայաստանի ինքիշխանության դեմ արտահայտվողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից:

Այսօր թիմակիցներից մեկը խորհրդարանում վարչապետին Վարդան Ղուկասյանից հարցրեց, Փաշինյանը հեգնեց. - «Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իրա՛ մտքերի և գործողությունները պատճառով, իմ միտքը ի՞նչ կապ ունի ըտեղ: Իմ միտքը կարա օգտագործվի ի՛մ դեմ, իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ-որ մեկի դեմ»:

Փաշինյանն ու թիմակիցները համակարծիք էին՝ Ղուկասյանի կալանավորումը մաքուր իրավական գործընթաց է:

Մեղադրանքը չընդունող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, սակայն, պնդում է՝ ինքը քաղաքական հետապնդումների է ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG