Երեկ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված, ժամեր անց կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակն այսօր առավոտվանից երկու ոստիկան էին հսկում: Օրվա երկրորդ կեսին այնտեղ ևս մեկ քննչական գործողություն իրականացվեց:
Կես ժամ անց քննիչները դուրս եկան՝ ձեռքներին առգրավված իրեր: Նրանց հետ հեռացան նաև ոստիկանները:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, թե նոր քննչական գործողությունը կապ ունի երեկ Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի ունեցածի հետ: Կոմիտեի խոսնակը նաև պարզաբանեց, որ խուզարկվել է ոչ թե Ղուկասյանի աշխատասենյակը, այլ դրա դիմաց գտնվող մեկ այլ սենյակ:
Երեկ, երբ իրավապահները քաղաքապետարանի ներսում ձերբակալում էին Ղուկասյանին, շենքի դիմաց էին հավաքվել նրա աջակիցները, մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացել Գյումրիում: Իրավիճակը մերթընդմերթ լարվում էր, հրմշտոցներ եղան:
Զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով 33 հոգի է ձերբակալվել: Ըստ Քննչականի՝ նրանցից մեկ տասնյակը կոմունալ բաժնի աշխատակիցներ են՝ հիմնականում վարորդներ, որոնք, ըստ իրավապահների, փակել էին ճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությունը, մի քանիսը ոստիկանական մեքենաների անիվներ են ծակել: Ձերբակալվածների մեջ է նաև «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանը: Թե նրանցից քանիսին մեղադրանք կառաջադրվի, ՔԿ-ն դեռ չի հստակեցնում:
Իսկ Գյումրիի քաղաքապետարանում Ղուկասյանի կալանավորումից հետո խիստ զգուշավոր էին, հարցազրույցներից ու մեկնաբանություններից խուսափեցին՝ չբացառելով, որ շենքում ու սենյակներում լսող սարքեր կան: Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ նաև Վարդան Ղուկասյանին ու գլխավոր ճարտարապետին վերագրվող գաղտնալսումներ էր հրապարակել ու դրանք դրել մեղադրանքի հիմքում:
Չնայած շրջանառվող լուրերին, քաղաքապետարանում գործադուլ չկար, բաժիններն աշխատում էին, սպասարկում քաղաքացիներին: Իսկ Ղուկասյանի լիազորությունները, որ կասեցվել են դատարանի որոշմամբ, կանցնեն նրա առաջին տեղակալին՝ իր փեսա Ավետիս Առաքելյանին:
Վարդան Ղուկասյանը նախքան պաշտոնը ստանձնելն էր ասել, թե ինչու է փեսային վստահում իր առաջին տեղակալի պաշտոնը:
«Ես ոնց որ նպաստեմ ինչ-որ բանի, պատկերացրեք՝ եթե ինձ ձերբակալեն, ինքնըստինքյան փոխքաղաքապետն իր վրա է վերցնում, ստանձնում է և դառնում քաղաքապետ», - ասել էր նա:
Երեկ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում քաղաքապետանի շենքում դռներն ու պատուհաններ էին կոտրվել, այսօր դրանք պոլիէթիլենային թաղանթով էին փակված: