Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը՝ «քաղհալածյա՞լ», թե՞ «կաշառք լափող»


Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «քաղհալածյա՞լ» է, թե՞ «կաշառք լափող»: Խորհրդարանն այսօր վաղ առավոտից այս թեման էր քննարկում, ինչն իշխանության և ընդդիմության միջև դարձավ փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների պատճառ:

«Քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի ու բռնվի», - ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«6 ամիս 2 օր էլ պահանջվեց ձեզ, որպեսզի կարողանաք մարդուն վարկաբեկելու և կեղծ, առնվազն այս պահին չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձել դատապարտել», - նշեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների համոզմամբ՝ Գյումրու դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իշխող ՔՊ -ն չի ընդունում ժողովրդի քվեն, և այդ պատճառով էլ իշխանությունը նախ ինֆորմացիոն արշավի միջոցով փորձում է վարկաբեկել մարդուն, ապա արդեն գործի է դնում իրավապահ համակարգը: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց՝ վարչապետը շաբաթներ առաջ էր խորհրդարանի ամբիոնից հայտարարել, որ դուրս է շպրտելու Վարդան Ղուկասյանին քաղաքական և հանրային դաշտից:

«Ընդդիմադիր համայնքապետ կա՞, որ ընտրվել է, չեք հետապնդել, Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետ պարզվեց՝ հանցագործ էր, Գորիսինն ի՞նչ էր, Սիսիանինն ի՞նչ էր, Կապանինն ի՞նչ է, Բերդինն ի՞նչ է: Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա», - ասաց Վարդանյանը:

Իշխող ՔՊ -ից հակադարձում են՝ խորհրդարանական ընդդիմությունը ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ «կաշառալափության» համար:

ՔՊ խմբակացության ղեկավար Հայկ Կոնջորյանը փորձեց ճիշտ օրինակներ գտնել, որպեսզի նկարագրի, թե ինչ մասնակցություն է ունեցել ընդդիմությունը Վարդան Ղուկասյանի ընտրության հարցում: Ի վերջո Կոնջորյանը կանգ առավ տանգոյի վրա. «Դուք էդ տանգոյի մեջ Վարդանիկի զուգընկերն եք եղել»:

Տանգոյի համեմատությունը բավարար չհամարելով՝ ՔՊ խմբակցության ղեկավարը պնդեց, թե ընդդիմադիր խորհրդարանական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, իսկ Վարդան Ղուկասյանն էլ՝ նրանց մարմնավորումը:

«Վարդանիկն ամոթի հուշարձանն է, որը քայլող, կենդանի հուշարձան էր, երեկ էլ վազում էր, վազող հուշարձանն է Վարդանիկը կաշառակերության», - ասաց Կոնջորյանը:

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը նախընտրեց թմրամոլության համեմատությունը, պնդելով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը առանց կաշառքի չեն կարողանում ապրել, ինչպես թմրամոլները՝ առանց թմրանյութի:

«Բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետք է կոռուպցիոներ լինի, ժողովո՛ւրդ ջան, չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկաման են, կաշառքը, լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է», - նշեց Ալեքսանյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հակադարձեց՝ երբ իրենք հայտարարում են, որ որևէ մեկի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, ամենևին նրան սուրբ չեն հռչակում, այլ ասում են, որ այդ անձի նկատմամբ կա տարբերակված մոտեցնում՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով:

«Հիմա եկեք տեսնենք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա՞ քաղաքական հետապնդում, թե՝ չէ: Մենք տեսել ենք շաբաթներ առաջ՝ ոնց է բերման ենթարկվում ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը, տեսե՞լ եք էդ սիրուն բերման ենթարկելու կադրերը ու տեսե՞լ եք Գյումրու համայնքապետարանի շենքի դռները կոտրելու կադրերը: Երկրորդը՝ ԱՆԻՖ-ից են խոսում էստեղ, եկեք տեսնենք՝ տարբերակված մոտեցում կա՞, թե՝ չէ՞: 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի՞ կալանավորված կա, 0», - ասաց Վարդանյանը:

«Երևանն անտեր էր մնացել երեկ»


Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ձերբակալման օպերացիային, նշեց, որ երեկ, երբ իշխանությունը բազմաթիվ ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել Գյումրիում, Երևանում ծեծի էր ենթարկվում քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը: Պատգամավորի փոխանցմամբ՝ ակտիվիստը զանգահարել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և պարզել, որ այնտեղ ոստիկան չկա, քանի որ ՆԳՆ-ն բոլոր ուժերը կենտրոնացրել էր Գյումրիում:

«Փաստորեն Երևան քաղաքը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել երեկ, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում», - ասաց Խամոյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ իրավապահները նույն պրոֆեսիոնալիզմով չեն բացահայտում իրական հանցագործներին՝ բերման չեն եթարկում մարդասպաններին, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցագործներին, ինչի արդյունքում հանցավորությունը երկրում աճում է:

«Երբ ցույց են տալիս մեր ուժայինների, պատկան մարմինների ձեռքբերումները, որ դրոնով գաղտնալսումներ են անում, հարց եմ տալիս՝ այդ դրոնը որտե՞ղ էր, երբ ընդդիմադիր համայնքապետին սպանում էին և նախապատրաստում էին իր սպանությունը», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG