Գյումրիում քննչական գործողություններ են կատարվում:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» մանրամասնել են, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ:
Կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակի մոտ գտնվող իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ պետք է խուզարկություն և առգրավում կատարվի Ղուկասյանի աշխատասենյակում, ում լիազորությունները կասեցվել են:
Վարդան Ղուկասյանը երեկ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է, այսօր կալանավորվել:
Հակակոռուպցիոն կոմիտեն «կոռուպցիոն հանցագործության բացահայտման» մասին երեկ հայտարարեց, սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրիի քաղաքապետարան ու ժամեր անց ձերբակալեցին Ղուկասյանին: Իրավապահները հայտարարում են, թե Ղուկասյանն ու գլխավոր ճարտարապետն ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել: Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ:
Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում: