Մատչելիության հղումներ

Գյումրիի դեպքերի կապակցությամբ 29 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում


Գյումրիի համայնքապետարանի մուտքի մոտ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Գյումրիի համայնքապետարանի մուտքի մոտ, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Երկու օր առաջ Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում և շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության, Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով շենքում և մուտքերի մոտ «հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել»:

«Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ», - ասված է հաղորագրությունում:

«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 37 անձ, փոխանցում է Քննչականը:

«19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը)», - ասված է հաղորդագրությունում:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է ձերբակալվածների խափանման միջոցի հարցը: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG